Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է եգիպտահայ համայնքի հետ. տեսանյութ

Հանդիպման ընթացքում նախարար Մնացականյանը եգիպտահայ համայնքի ներկայացուցիչների հետ խոսել է ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունների, առկա մարտահրավերների և դրանց հասցեագրման ուղիների շուրջ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի - Sputnik. Սեպտեմբերի 12-ին Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Կահիրեում ՀՀ դեսպանությունում հանդիպում է ունեցել Եգիպտոսի հայ համայնքի հետ։ Տեղեկությունը հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Արտգործնախարարը հանդիպում է ունեցել Եգիպտոսի հայ համայնքի ականավոր ներկայացուցիչների` Հայ առաքելական եկեղեցու Եգիպտոսի թեմի առաջնորդ Տ. Աշոտ եպիսկոպոս Մնացականյանի, Հայ Կաթողիկե եղեկեցու առաջնորդ Գրիգոր Օգոստինոս եպիսկոպոս Գուսանի, համայնքային կառույցների և միությունների անդամների հետ
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` նախարար Մնացականյանը բարձր է գնահատել եգիպտահայ համայնքի ավանդն ազգային ինքնության, պատմամշակութային ժառանգության պահպանման գործում:


«Հայ ժողովուրդը, ունենալով հզոր պատմություն և ինքնության խորը գիտակցություն, երեսուն տարի առաջ վերականգնել է իր հավաքական ինքնության պաշտպանության և զարգացման, թերևս, ամենակարևոր գործիքներից մեկը՝ պետականությունը: Եվ մեր համայնքներում պետականության, ազատության և անկախության նկատմամբ պատասխանատվության զգացումը պետությանը սատարելու լավագույն օրինակներից է»,- հանդիպման ընթացքում նշել է նախարարը:
Մնացականյանը եգիպտահայ համայնքի ներկայացուցիչների հետ խոսել է ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունների, առկա մարտահրավերների և դրանց հասցեագրման ուղիների շուրջ:
Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մեկնում է Եգիպտոս

Հայաստանի և Եգիպտոսի միջև համագործակցության զարգացման հեռանկարների համատեքստում նախարար Մնացականյանն առանձնահատուկ ընդգծեց Եգիպտոսի հայ համայնքի կարևոր դերակատարությունը երկու բարեկամ պետություններին և ժողովուրդներին իրար կամրջելու գործում:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 12-ից 15-ը ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը պաշտոնական այցով կլինի Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում:

Հայաստանի և Եգիպտոսի հարաբերությունները խարսխված են դարավոր բարեկամության, պատմամշակութային ընդհանրությունների և փոխվստահության վրա: Արաբական երկրներից առաջինը ճանաչելով Հայաստանի անկախությունը՝ Եգիպտոսը 1992թ. դարձավ Մերձավոր Արևելքում հայկական դիվանագիտական ներկայության առաջին հանգրվանը:
Երկու երկրների միջև առկա է ավանդական բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն։ Հաճախակի բնույթ են կրում երկու երկրների ԱԳ նախարարների շփումները տարբեր միջազգային հարթակներում:
Սերտ համագործակցություն է ծավալվում կրթամշակութային, առևտրատնտեսական, զբոսաշրջության, առողջապահության և մի շարք այլ ոլորտներում: