Դպրոցներում ու մանկապարտեզներում ամեն ինչ պատրաստ է նոր ուսումնական տարին համավարակի պայմաններում սկսելու համար։ Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը տեսանյութ է հրապարակել, որը պատմում է կատարված աշխատանքների և սահմանված նոր կանոնների մասին։ Դպրոցների ներսում և բակերում գծանշումներ են արված, որոնք կօգնեն երեխաներին պահպանել անվտանգ սոցիալական հեռավորություն։
«Երևան քաղաքի բնակիչ ծնողները ձեզ և մեզ վստահել են ոչ միայն իրենց երեխայի կրթության, այլև առողջապահական անվտանգության հարցը։ Այստեղ մենք սխալվելու իրավունք չունենք»,- տնօրենների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը։
Դպրոցները զինված են ջերմաչափերով, ախտահանիչ նյութերով։ Եթե երեխաներից որևէ մեկի մոտ բարձր ջերմություն է արձանագրվում, ապա նա անմիջապես տեղափոխվում է առանձնացված մեկուսարան-սենյակ։ Երեխաները դպրոց են գնալու դիմակներով, պետք է ունենան նաև լրացուցիչ դիմակներ՝ 3 ժամը մեկ փոխելու համար։ Եթե հանկարծ դիմակը մոռանան կամ վնասեն, ապա դպրոցն այն պետք է տրամադրի։ Պետությունն ու համայնքն արդեն հոգացել են այդ մասին։
Դպրոցներն այս տարի գործելու են շաբաթական 6 օր, յուրաքանչյուր նստարանի մոտ մեկ երեխա է նստելու։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 7-ից մեկնարկել է դպրոցների անձնակազմի թեստավորումը։ Մինչև ուսումնական տարվա մեկնարկը կթեստավորվի մոտ 30․000 մարդ։ Երևանյան դպրոցներից թեստավորման ենթակա են մոտ 9000 անձ: Նշենք, որ չեն թեստավորվի միայն այն ուսուցիչները, որոնք, առողջական վիճակից ելնելով, հեռավար կանցկացնեն դասերը։
Անցում արտակարգ դրությունից կարանտինի. ինչպես անցավ կես տարին ու ինչ կտա առաջիկա 4 ամիսը
Այս տարի կորոնավիրուսային իրավիճակից ելնելով դպրոցներում դասերը կսկսվեն սեպտեմբերի 14-ին. դրանք կավարտվեն 2021թ. հունիսի 4-ին։
Դասերի ժամանակ ինչպես երեխաները, այնպես էլ դպրոցի ողջ անձնակազմը պարտավոր է դիմակ դնել։ Բացի այդ, աշակերտներին գրատախտակի մոտ չեն կանչելու, ինչպես նաև դասամիջոցներին թույլ չի տրվելու դասասենյակից դուրս գալ։