Այսօր հաջողվել է մարել Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհի երրորդ օջախը։ Տեղեկությունը հաղորդում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։
«ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և քաղաքապետարանի երկու ջրատար տեղում իրականացնում են հրդեհաշիջման աշխատանքներ»,- նշված է հաղորդագրության մեջ։
ԱԻՆ հաղորդմամբ՝ հրդեհի երրորդ օջախը մեկուսացվել է ժամը 17։04-ին, մարվել 19։16-ին։ Հրդեհի հետևանքով մոտ 1000 քմ տարածքում այրվել է շինարարական աղբ։
Նշենք, որ Նուբարաշենի աղբավայրում արդեն երրորդ օրն է, ինչ հրշեջները պայքարում են կրակի դեմ։ Սեպտեմբերի 10–ին հաղորդել էինք, որ առավոտյան ժամը 08։19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նուբարաշենի աղբավայրում հրդեհ է։
Դեպքի վայր էին մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։
Հրշեջներին չի հաջողվում հանգցնել Նուբարաշենի աղբավայրի հրդեհը
Ապա հայտարարվել էր հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչ և դեպքի վայր էր մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատից ևս մեկ մարտական հաշվարկ։
Ըստ նախնական տվյալների՝ առկա էր հրդեհի երկու օջախ։ Առաջին օջախը մեկուսացվել էր ժամը 13։35-ին (մոտ 3000 քմ), երկրորդ օջախը՝ 19։41-ին (մոտ 4․5 հա):
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել էին նաև Երևանի քաղաքապետարանի հինգ ջրատար։
Նուբարաշենի աղբավայրում խոշոր հրդեհ է․ հրշեջներն ավելի քան մեկ ժամ է՝ փորձում են մարել այն