ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզի Խնձորեսկ համայնքում Սպարապետի օրվան նվիրված տոնակատարությունից հետո հարգանքի տուրք մատուցեց նաև Հայրենական Մեծ պատերազմում և Արցախյան ազատամարտում զոհվածների հիշատակին: Հուշարձանի մոտ վարչապետին մոտեցավ հուլիսից ադրբեջանական գերության մեջ գտնվող 30-ամյա Նարեկ Սարդարյանի կինը: Նա ասաց, որ Նարեկի մասին ոչ մի տեղեկություն չունեն, ցանկանում է իմանալ՝ միգուցե վարչապետը որևէ բան գիտի, կարող է ասել, թե ինչպես է Նարեկը:
«Պապան ե՞րբ կգա». Ադրբեջանում հայտնված սպայի ընտանիքում չգիտեն` ինչ պատասխանեն երեխաներին
«Դժբախտաբար, ոչ թե բարեկամի մոտ է ընկել, այլ հակառակորդի»,- ասաց վարչապետը՝ նշելով, որ պետք է հասկանալ, թե ինչ կարող են անել: Վարչապետի կողքին էր ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Նա շտապեց ավելացնել, որ այստեղ է, և իրենք կխոսեն:
Հիշեցնենք՝ Ներքին Խնձորեսկի բնակիչ, 30-ամյա Նարեկ Սարդարյանը հուլիսի 8-ին ֆերմայից դուրս է եկել, գնացել արոտավայր և չի վերադարձել։
Ներքին Խնձորեսկի ղեկավար Երվանդ Մալունցը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել էր, որ տեղանքը նորություն չէ Նարեկի համար։
Ձորում 4 տեղ կա արոտի համար, որոնցից մեկն էլ ուղևորվել է նա։ Մյուսներում նրա հորեղբոր տղաներն են եղել։ Ճանապարհին գյուղացիները տեսել են Նարեկին, ասել է` գնում եմ կովերի հետևից։
Համայնքի ղեկավարը հայտնել էր նաև, որ Նարեկ Սարդարյանը հոգեկան առողջության որևէ խնդիր չուներ։
Հուլիսի 15-ին Ադրբեջանը տեսանյութ հրապարակեց, որտեղ Նարեկ Սարդարյանն իբր խնդրում է Ադրբեջանի քաղաքացիություն տալ իրեն կամ ուղարկել երրորդ երկիր։