Լիբանանում մահացել է ԱՍԱԼԱ–ի մարտիկներից Աբրահամ Թովմասյանը

Սեպտեմբերի 14-ին, ժամը 14:00-ին Երևանի Եռաբլուր պանթեոնում հոգեհանգստյան արարողություն կկատարվի Աբրահամ Թովմասյանի հիշատակին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik. Լիբանանում ավտովթարից մահացել է ԱՍԱԼԱ–ի` Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի մարտիկներից Աբրահամ Թովմասյանը: Տեղեկությունը հայտնում է ԱՍԱԼԱ-ն։

«Այս նոր կորուստը ծանր հարված է մեր շարքերին և վերանորոգում է մեր վիշտը: Ընկեր Աբրահամ Թովմասյանը համեստ էր, ծառայասեր, միշտ պատրաստ անմնացորդ նվիրումով կատարելու իրեն հանձնարարված ամենադժվար պարտականությունները: Հայկական զինյալ ազատագրական պայքարին նրա ներդրումն իր անունը պայծառ պիտի պահի մեր պայքարի պատմության մեջ։ Փառք իր հիշատակին», – գրված է հաղորդագրությունում։

ԱՍԱԼԱ-ի մարտիկների փաստաբանից մինչև քաղաքապետ, պատգամավոր ու նախարար. մի հայի պատմություն

Թովմասյանը մեծ ներդրում է ունեցել Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված պայքարում։ 1983-ին նա այլ մարտիկների հետ պաշարել էր Փարիզում թուրքական Օդանավային ընկերության գրասենյակը` իրականացնելով «Շապին Գարահիսար» գործողությունը։ Այս գործողության համար նա բանտարկվել էր 2.5 տարով։

Սեպտեմբերի 14-ին ժամը 14:00-ին, Երևանի Եռաբլուր պանթեոնում հոգեհանգստյան արարողություն կկատարվի Աբրահամ Թովմասյանի հիշատակին:

ԱՍԱԼԱ–ն ստեղծվել է 1975 թվականին մի խումբ լիբանանահայերի կողմից։ Նպատակն էր հիմնադրել ընդհատակյա կազմակերպություն, որը զինյալ գործողությունների միջոցով Հայկական հարցը կրկին կմտցնի միջազգային քաղաքական, իրավական հարթություն, միջազգային հանրության կողմից ճանաչման կներկայացնի 1914-1923 թվականներին թուրքերի կողմից իրականացրած Հայոց Ցեղասպանությունը և Արևմտյան Հայաստանի ազատագրման նախադրյալներ կստեղծի։