ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ կառավարությունն այսօր որոշում է կայացրել Հայաստանում սահմանված արտակարգ դրությունն այսօրվանից փոխարինելու կարանտինի ռեժիմով։ Կարանտինը Հայաստանում սահմանվում է 2020 թվականի սեպտեմբերի 11-ի, ժամը 17:00-ից մինչև 2021 թվականի հունվարի 11-ը ներառյալ:
Կառավարության ընդունած որոշմամբ` ՀՀ ցամաքային սահմանն օտարերկրացիների համար կշարունակի փակ մնալ որոշ բացառություններով (ՀՀ քաղաքացիների ընտանիքի անդամներ, ՀՀ բնակվելու իրավունք ունեցողներ, դիվանագիտական ներկայացուցչություններ, հյուպատոսական հիմնարկների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ և նրանց ընտանիքի անդամներ, հոգեհանգստի կամ թաղման արարողությանը մասնակցելու նպատակով մուտք գործող անձինք` հանգուցյալի մերձավոր ազգականները (ծնողը, ամուսինը, երեխան, քույրը, եղբայրը), միջպետական բեռնափոխադրումներ իրականացնող վարորդներ, սահմանապահ զորքերի հրամանատար` հաշվի առնելով մուտքի հրատապությունը և անհրաժեշտությունը։
Հայաստան մուտք գործելիս անհապաղ կատարվում է բժշկական զննություն, զննության արդյունքներով, եթե առկա են համապատասխան ախտանշաններ կարող է կիրառվել հոսպիտալացում, կամ անձին տրվում է 14-օրյա ժամկետով ինքնամեկուսանալու հրահանգ, որի ընթացքում նա կարող է անցնել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման պոլիմերազային շղթայական ռեակցիայի հետազոտություն։ ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքի դեպքում անձը դուրս է գալիս ինքնամեկուսացումից:
Հանրային միջոցառումներ կարանտինի ընթացքում թույլատրված են լինելու հետևյալ սահմանափակումներով. տոնական և հիշատակի միջոցառումներին, ներառյալ` ծնունդ, հարսանիք, հոգեհանգիստ, հուղարկավորություն, կարող են մասնակցել 60-ից ոչ ավելի մարդ։
Վրաստանում կորոնավիրուսային իրավիճակը վատացել է․ բնակչությանն sms–ներ են ուղարկել
Համերգները, ցուցահանդեսները, ցուցադրությունները, թատերական ներկայացումները, կրթական այլ միջոցառումները ևս թույլատրված կլինեն` պայմանով, որ դրանց մասնակիցների թիվը չի անցնի 60-ից։
Քրեակատարողական հիմնարկներում երկարաժամկետ տեսակցությունները կթույլատրվեն միայն վարակի դեպքերի բացակայության և տեսակցողի՝ ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքի դեպքում։
Հոգեբուժական տեսակցությունները կթույլատրվեն վարակի դեպքերի բացակայության և սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների պահպանման դեպքում:
Զորամասերում տեսակցություններն արգելված կմնան` բացառությամբ տեսազանգից օգտվելու դեպքերի։ Շարքային և կրտսեր ենթասպայական կազմի զինծառայողներին արձակուրդ կտրամադրվի միայն ընտանիքի անդամի մահվան դեպքում։
Ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացը կարող է իրականացվել միայն սահմանված սանիտահամաճարակային անվտանգության կանոնների պահպանման դեպքում:
Հավաքներ կազմակերպելն ու անցկացնելը ևս կթույլատրվի միայն անհատական պաշտպանության միջոցների կիրառման և մասնակիցների միջև նվազագույնը 1.5 մետր հեռավորության պահպանման դեպքում:
Տնից դուրս գալիս անձը հաստատող փաստաթղթի առկայությունը կարանտինի ողջ ընթացքում կշարունակի մնալ պարտադիր։
Թեստավորված, վարակակիր, հիվանդության ախտանիշներ ունեցող, բուժվող և նրանց հետ շփում ունեցած կոնտակտավորների, ինչպես նաև ինքնամեկուսացածների տվյալները՝ անունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարին, հաշվառման վայրի հասցեն, բնակության վայրի հասցեն, ինքնամեկուսացման վայրի հասցեն, ինքնամեկուսացում սկսելու ամսաթիվը, բուժում անցնելու վայրի հասցեն, հեռախոսահամարները, անձը հաստատող փաստաթղթի տվյալները, հանրային ծառայության համարանիշը կգրանցվեն էլեկտրոնային առողջապահության համակարգի հարթակում և կփոխանցվեն Առողջապահության տեսչական մարմնին ու ոստիկանությանը:
Ռուսաստանն օգնում է հարևաններին Covid-19-ի դեմ պայքարում. ինչ է ստացել Հայաստանը
Հիշեցնենք` մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն է, որն արդեն մի քանի անգամ երկարաձգվել է։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների են ենթարկվել։ Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվել են, բայց սահմանվել են պարտադիր պահանջներ։
Մայիսի 18–ից Հայաստանում աշխատում է նաև հասարակական տրանսպորտը, բայց ուղևորներն ու վարորդները պետք է անպայման պաշտպանիչ դիմակով։
Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը նույնպես պարտադիր է։ Դիմակ կարող են չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները (վերջինները պետք է իրենց մոտ ունենան համապատասխան հիվանդության փաստը հաստատող բժշկական փաստաթուղթ)։
Օգոստոսի 12-ին ՀՀ կառավարությունը որոշեց արտակարգ դրության ռեժիմը երկարացնել մինչև սեպտեմբերի 11-ը: Օգոստոսի 13-ից կարելի է դիմակ չդնել նաև անձնական մեքենաներում և բնության գրկում: