ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի – Sputnik. «Լուսավոր Հայաստան» ընդդիմադիր խմբակցությունը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի նկատմամբ անվստահություն հայտնելու գործընթաց է նախաձեռնել։ Հարցը կքննարկեն սեպտեմբերի 16-ի ԱԺ նիստին։ Միևնույն ժամանակ խմբակցությունը կոչ է արել քաղաքացիներին գալ խորհրդարանի շենքի մոտ և մասնակցել նախարարի դեմ բողոքի ակցիային։
«Մենք քաղաքացիներին կոչ ենք արել մասնակցել ակցիային, քանի որ ուզում ենք ցույց տալ, որ միայն մենք չենք դժգոհ նախարարի և նրա գլխավորած գերատեսչության աշխատանքից։ Կարծում ենք, որ բոլոր դժգոհ մարդիկ պետք է արտահայտեն իրենց դիրքորոշումը խորհրդարանի շենքի մոտ», – Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ընդդիմադիր ուժի ներկայացուցիչ Արմեն Եղիազարյանը։
Նրա խոսքով` «Իմ քայլը» իշխող դաշինքի և համանուն խմբակցության ներսում նույնպես դժգոհություններ կան Արայիկ Հարությունյանի աշխատանքից, սակայն նրանք լռում են` ելնելով քաղաքական կոռեկտությունից։ Այնուամենայնիվ, «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչ, ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը, վայր դնելով պատգամավորական մանդատը, չցանկացավ այս գործընթացի մաս կազմել։
«Այդ նախարարի աշխատանքը, մեղմ ասած, բավարար չէ, և նրա դեմ իրականացվող բոլոր ակցիաները դրանով են պայմանավորված, այլ ոչ թե անձնական խնդիրներով», – ասաց Եղիազարյանը։
Կրթության ոլորտի փորձագետ Սերոբ Խաչատրյանն իր հերթին կարծում է, որ այդ նախարարության հասցեին հնչող քննադատություն ու բողոքներ միշտ էլ լինելու են, քանի որ հանրային կարևոր երեք ոլորտների միավորումը մեկ գերատեսչության շրջանակում արդեն իսկ կոպիտ սխալ է։
Երկրորդ սխալը նա համարում է այն, որ նախարար Արայիկ Հարությունյանը պարբերաբար իր ելույթներում պիտակավորում է մարդկանց, նրանց բաժանում «սևերի» և «սպիտակների», թեև ամբողջ աշխարհում հենց կրթության ոլորտն է միավորում տարբեր կրոնական, քաղաքական հայացքներ ունեցող մարդկանց և գործիչների։ Բացի այդ, նախարարությունը մի «խաղի» մեջ է ներքաշվել, երբ գերատեսչությանն անդադար մեղադրում են ինչ-որ բանում, նա էլ ստիպված է լինում պատասխանել, աշխատելու փոխարեն։
«Իմ քայլում» կան մարդիկ, որոնք կրթության չափորոշիչները բացասական են գնահատում. Հովսեփյան
«Բացի այդ որոշումների կայացման գործընթացում հասարակության և փորձագիտական շրջանակների լայն ներգրավվածություն ձևավորել չհաջողվեց։ Պահպանվեց գործողությունների աշխատասենյակային ոճը, երբ բոլոր որոշումներն ընդունվում են մեկ սենյակում, առանց հանրային քննարկումների», – նշեց փորձագետը։
Նա հավելեց, որ նախարարությունը հաճախ խիստ է իր մոտեցումներում։ Դա մի կողմից, դրական է, մյուս կողմից զայրացնում է հասարակությանն ու մասնագիտական հանրությանը։ Բացի այդ ստեղծվել է մի մթնոլորտ, որտեղ քննարկում են հարակից հարցերը բուն խնդրի փոխարեն։ Մշտական սկանդալների պատճառով տուժում են կրթության համակարգն ու մարդիկ, ովքեր իրական բարեփոխումներ են ուզում։
«Նախարարին փոխելով հարձակումները չեն դադարի, քանի որ ոլորտները տարբեր են և խնդրահարույց, իսկ դրանց տարանջատումը փոքր–ինչ կթեթևացնի իրավիճակը», – ընդգծեց Խաչատրյանը։
Կրթության ոլորտի փորձագետ Ատոմ Մխիթարյանը կարծում է, որ նախարարի հեռացումը կարող է կրթության ոլորտի բարեփոխումների համատեքստում առաջին քայլը լինել, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է կամք դրսևորի և լրջորեն մտածի այդ մասին։ Ըստ նրա, տվյալ դեպքում հարցը ոչ թե քաղաքական է, այլ ռազմավարական, քանի որ կրթության ոլորտը լուրջ դեր է խաղում երկրի ապագայի հարցում։
«Կրթության ոլորտում վերջին շրջանում տեղի ունեցող գործընթացները որևէ տրամաբանական հաջորդականություն չունեն։ Դրանք կանոնավորված չեն, նախաձեռնությունների մի մասը պարզապես չի իրականացվում, թեև բուռն քննարկվում է։ Նախարարի և կառավարության որոշումները մնում են թղթի վրա, և դա բնականաբար չի կարող մասնագիտական հանրության շրջանում դժգոհություն չառաջացնել», – ասաց նա։
Փորձագետը նաև կարծում է, որ Հարությունյանի գլխավորած ոլորտն ընդարձակ է, այն ղեկավարելու համար անհրաժեշտ է յուրաքանչյուր ոլորտից գոնե մի փոքր քաջատեղյակ լինել և պրոֆեսիոնալ հմտություններ կամ գոնե փորձ ունենալ։ Նա կասկածում է, որ Հարությունյանը, օրինակ, քաջատեղյակ է սպորտից, ինչն էլ տարաձայնություններ է ծնում նույնիսկ քաղաքական թիմի ներսում։
«Արայիկ, հեռացիր». Երևանում պահանջում են ԿԳՄՍ նախարարի հրաժարականը
«Նախարարության գործունեության հետ կապված բազմաթիվ ակցիաներ ու բողոքներ են լինում, սակայն հակառակ կողմից մենք արձագանք չենք տեսնում, պարզաբանումներ չկան, և այդ ամենը կարող է համակարգում քաոս ծնել», – եզրափակեց Մխիթարյանը։
Հիշեցնենք, որ նախօրեին մանդատից հրաժարվելու իր մտադրության մասին հայտնեց իշխող դաշինքի պատգամավոր, հունահռոմեական ոճի հայտնի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը։ Իր որոշումը նա բացատրեց սպորտի ոլորտում նախարար Հարությունյանի վարած քաղաքականությամբ։ ՀՅԴ–ն, «Կամք» նախաձեռնությունը և երիտասարդ գրող Միսակ Մարտիրոսյանը պահանջում են նախարարի հրաժարականը։