ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի - Sputnik. Հայաստանում ալկոհոլային թունավորումից մահացածների թիվն ավելացել է ևս մեկով։ ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ օգոստոսի 31-ից սեպտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում արձանագրվել է ալկոհոլային թունավորման 46 դեպք, որից 19-ը մահվան ելքով:
«Դեպքերից 29-ը արձանագրվել է Արմավիրի մարզում՝ 10 մահվան ելքով, 15-ը Երևանում՝ 7-ը մահվան ելքով, 2-ը Կոտայքի մարզում՝ 2 մահվան ելքով»,- նշված է նախարարության Facebook-ի պաշտոնական էջում տարածած հաղորդագրության մեջ։
Թունավորվածներից 3-ը շարունակում են բուժում ստանալ երևանյան տարբեր հիվանդանոցներում։ Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող, կուրացած հիվանդներից մեկը Էրեբունի ԲԿ-ում է, ծայրահեղ ծանր վիճակում ևս 1-ն էլ «Հերացի» Թիվ 1 համալսարանական հիվանդանոցում է։
Ծանր վիճակում գտնվող ևս մեկ թունավորված անձ էլ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում է բուժում ստանում։
Առողջապահության նախարարությունը սեպտեմբերի 1-ին հայտարարեց, որ Արմավիրում ալկոհոլային թունավորման հետևանքով 9 մարդ է մահացել։ Նույն օրը ՀՀ քննչական կոմիտեն հայտնեց` ձերբակալվել է Արմավիրի բնակիչ Աշոտ Հովսեփյանը` անվտանգության պահանջներին չհամապատասխանող օղի վաճառելու համար։ Քննչական կոմիտեն հորդորում էր, որ բոլոր նրանք, ովքեր օղի են գնել Հովսեփյանից չխմեն այն։
Ալկոհոլային թունավորումից մահվան 3 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում
Հիշեցնենք, որ Sputnik Արմենիան այցելել էր Արմավիր` Աշոտ Հովսեփյանի բնակության վայր` դեպքի առնչությամբ մանրամասներ իմանալու։ Նրա հարևաններն ասում էին, որ Աշոտը հանուն շահի օղու մեջ ոչ պիտանի սպիրտ չէր կիրառի և, ամենայն հավանականությամբ, նրա «գլխին սարքել են»։