ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը թեև պատգամավորական գործունեության ընթացքում շատ բարձր տպավորություն է ստացել Արսեն Ջուլֆալակյանից, այդուհանդերձ չի կարծում, որ պատգամավորը, որը ինչ–որ հարցերի շուրջ տարաձայնություններ ունի այս կամ այն նախարարի հետ, պետք է դիմի նման քայլի։
«Ջուլֆալակյանը բավականին ճանապարհ ունի անցնելու, որից հետո եթե տեսնի, որ այդուհանդերձ իր ասածները չեն ընկալվում, կարող է հարցը քննարկել խմբակցությունում, որն իր հերթին ամենայն հավանականությամբ քննարկման առարկա կդարձներ այն։ Նա կարող էր բերել իր հիմնավորումները, մյուսներն էլ կհայտնեին իրենց տեսակետը, ինչից հետո կգայինք համապատասխան եզրահանգման, եթե խնդիրը չլուծվեր, դրանից հետո Ջուլֆալակյանն արդեն կարող էր դիմել նման քայլի»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա։
Իշխանական պատգամավորի կարծիքով` գուցե կան այլ դրդապատճառներ, որոնց մասին իրենք կիմանան հետագայում։ Ըստ նրա`խմբակցության ճնշող մեծամասնությունը նոր է իմացել Ջուլֆալակյանի որոշման մասին, հետևաբար այդ հարցը դեռ չեն քննարկել։
«Մեր խմբակցությունում նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի հարցը չի քննարկվել, ավելին` խմբակցության ճնշող մեծամասնությունը պաշտպանում է այն կուրսը, որն իրականացնում է Հարությունյանը։ Ես առավել ևս պաշտպանում եմ նախարարին, քանզի համոզված կարող եմ ասել, որ Հարությունյանի սկզբունքայնության, քաղաքական ակտիվության, իրավական ու մարդկային մաքրության, ինչպես նաև մասնագիտական պատրաստվածության հետ կապված հարցերն ինձ մոտ որևէ կասկած չեն հարուցում»,– նշեց պատգամավորը։
Հնարավոր չէ նորմալ պայմաններ ապահովել մարզումների համար. Ջուլֆալակյանը՝ օլիմպիադայի մասին
Աղազարյանի խոսքով` խմբակցության պատգամավորների միջև կարող են լինել տարաձայնություններ, չի բացառվում, որ Արայիկ Հարությունյանն էլ կարող է սխալվել, սակայն դրանք չի կարելի ճակատագրական համարել, ամեն ինչ հնարավոր է շտկել և համապատասխան աշխատանքներ իրականացնելով ընդհանուր հայտարարի գալ։
Ըստ նրա` մարդիկ, որոնք պահանջում են Հարությունյանի հրաժարականը, շատ լավ գիտեն, թե նա ինչ դիրք ունի ՔՊ կուսակցությունում, հետևաբար եթե հարվածներ հասցնեն Հարությունյանին, կհարվածեն նաև կուսակցությանը։ Աղազարյանը բացառում է, որ անձամբ Փաշինյանը կարող էր պահանջել Ջուլֆալակյանից վայր դնել մանդատը։
Հիշեցնենք՝ երեկ՝ սեպտեմբերի 9-ին, Արսեն Ջուլֆալակյանը Facebook-ի իր էջում հայտնել էր, որ դիմել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին` պատգամավորական մանդատը վայր դնելու կապակցությամբ։ Նրա խոսքով՝ իր հրաժարականի պատճառը ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ ունեցած սկզբունքային անհամաձայնություններն են նրա ենթակայության տակ գտնվող ոլորտների ներկա կառավարման մոտեցումների վերաբերյալ: