Ջուլֆալակյանը դեռ ժամանակ ունի մտափոխվելու. Միրզոյանը հայտարարություն է արել

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը անդրադարձել է իմքայլական պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի հրաժարականի դիմումին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի - Sputnik. ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի հրաժարականի դիմումի մասին հայտարարություն է տարածել՝ հղում անելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերին:

«Իմ հրաժարականի հարցը չի քննարկվում». ԿԳՄՍ նախարար

Նա նշել է, որ ԱԺ կանոնակարգ» օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը սեպտեմբերի 9-ին հրաժարականի դիմում է ներկայացրել:

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում եւ հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»,- նշված է ՀՀ ԱԺ նախագահի հայտարարության մեջ:

Հնարավոր չէ նորմալ պայմաններ ապահովել մարզումների համար. Ջուլֆալակյանը՝ օլիմպիադայի մասին

Հիշեցնենք՝ երեկ՝ սեպտեմբերի 9-ին, ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ըմբշամարտի Եվրոպայի և աշխարհի չեմպիոն, օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը Facebook-ի իր էջում հայտնել էր, որ դիմել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին` պատգամավորական մանդատը վայր դնելու կապակցությամբ։

Նրա խոսքով՝ իր հրաժարականի պատճառը ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ ունեցած սկզբունքային անհամաձայնություններն են նրա ենթակայության տակ գտնվող ոլորտների ներկա կառավարման մոտեցումների վերաբերյալ:

Ըստ Ջուլֆալակյանի՝ հետհեղափոխական Հայաստանում ամենից շատ հենց այս գերատեսչության ձախողումների մասին է խոսվել, ուստի ինքը հարկ չի համարում առավել մանրամասնել։

Ջուլֆալակյանն ԱԺ պատգամավոր է ընտրվել 2018–ին։