«Դուք էլ դա կարող էիք, բայց ես արեցի»․ կոլումբոսյան ձվի առեղծվածը

Եկեք անկեղծ լինենք։ Մինչև հիմա չեն դադարում թեժ վեճերն այն հարցի շուրջ, թե ով է հայտնաբերել Ամերիկան։
Sputnik

 

«Դուք էլ դա կարող էիք, բայց ես արեցի»․ կոլումբոսյան ձվի առեղծվածը

Որոշ մասնագետներ համոզված են, որ դա արել են Եվրոպայի հյուսիսում ապրող վիկինգները, մյուսները պնդում են, թե դա արել են Մերձավոր Արեւելքում՝ այժմվա Լիբանանի տարածքում ապրող ցեղախմբերը, որոնք պատրաստել են առաջին նավը եւ դուրս եկել բաց ծով։ Կան նաեւ գիտնականներ, որոնք պարզապես փաստում են՝ այս վեճն անիմաստ է, որովհետեւ Ամերիկան իրականում հայտնաբերել են այն մարդիկ, որոնք ավելի քան 15 հազար տարի առաջ Ասիայից Բերինգի նեղուցով անցել են Ամերիկա եւ բնակեցրել այն։ Սառույցո՞վ են անցել, թե՞ այն ժամանակ ջրի մակարդակը շատ ավելի ցածր է եղել եւ Ասիան ու Ամերիկան կապված են եղել ցամաքային ճանապարհով՝ այլ հարց է, բայց մարդիկ անցել են։

Վախի վրա հիմնված հասարակությունն ապագա չունի․ ինչից էր վախենում Անգելա Մերկելը

Սակայն բոլորս դպրոցական տարիներից գիտենք ամենատարածված եւ հանրորեն ընդունված վարկածը՝ Ամերիկան հայտնաբերել Է Քրիստափոր Կոլումբոսը։ Բայց ախր այս մարդու հետ կապված էլ բազմաթիվ անհասկանալի հարցեր կան։ Օրինակ, եթե ձեզ հարցնեն՝ որ ազգի ներկայացուցիչն էր Կոլումբոսը, չգիտեմ ինչ կպատասխանեիք, համենայնդեպս հանտնի է, որ նա ապրել է Ջենովա քաղաքում։ Բայց ախր դրանով որոշվում էր ոչ թե մարդու ազգությունը, այլ քաղաքացիությունը։ Միայն Իտալիայում Կոլումբոսի ծննդավայր լինելու պատիվը վեճարկում են 6 քաղաքներ։ Էլ չեմ ասում, որ կան պնդումներ, թե Կոլումբոսը գերմանացի էր, լեհ կամ խորվաթ։ Նույնիսկ ուկրաինացի։

​Կոլումբոսը համոզված էր, որ երկրագունդը կլոր է։ Ի դեպ, այս պնդումը նույնիսկ եկեղեցականներն առանձնապես չէին հերքում, որովհետեւ նրանց համար շատ ավելի կարեւոր էր հերքել, որ Երկիրը պտտվում է արեւի շուրջ։ Քանզի Երկիրը կլոր է, տրամաբանում էր Կոլումբոսը, ուրեմն պարտադիր չէ Աֆրիկան շրջանցելով հասնել Հնդկաստան, որտեղից թանկ համեմունքներ էին բերում, մասնավորապես պղպեղ։ Կարելի է մյուս կողմից էլ հասնել Հնդկաստան, այսինքն ոչ թե շարժվելով դեպի արեւելք, այլեւ նախարկելով արեւմտյան ուղղությամբ, փորձում էր համոզել Կոլումբոսը տարբեր երկրների՝ Իսպանիայի, Պորտուգալիայի եւ նույնիսկ Մեծ Բրիտանիայի առաջնորդներին։ Սա այն ժամանակ շատ հրատապ գաղափար էր, որովհետեւ 20 տարի առաջ թուրքերը գրավել էին Կոնստանդնուպոլիսը, ինչի հետեւանքով գրեթե չէր գործում Եվրոպան Հնդկաստանի հետ կապող ցամաքային ճանապարհը։

Նույնիսկ ձախողման դեպքում երբեք չի կարելի հուսահատվել

​15 տարի տեւեց դեպի արեւմուտք ծովային ճանապարհորդության համար բավարար գումար հավաքելը։ Մեծ ներդրում կատարեց Մեդինա-Սիդոնիան, որին մեր օրերում օլիգարխ կկոչեին՝ կատակ բան չէ՝ նա առեւտրական էր, որն ուներ ավելի քան 100 նավ։ Ինչեւէ, երկու ամիս շարունակ նավարկելուց հետո Կոլումբոսի ղեկավարած երեք նավերի անձնակազմերը սկսեցին ակնհայտորեն բողոքել՝ էս ուր ենք գնում, չիմանալով, թե ուր ենք գնում։ Բայց 5 օրից նավաստիներից մեկը բղավեց՝ «Ցամաք, ցամաք եմ տեսնում»։

​Մինչեւ հիմա ստույգ հայտնի չէ, թե դա ինչ ցամաք էր, Բահամյան արշիպելագի բազմաթիվ կղզիների բնակիչներ պնդում են՝ հենց մեզ մոտ է առաջին անգամ ոտք դրել Կոլումբոսը։ Ինքը՝ Կոլումբոսը, չորս անգամ ճանապարհորդելով դեպի Ամերիկա, այդպես էլ չհասկացավ, թե ինչ է հայտնաբերել։ Իրեն թվում էր, թե հասել է Հնդկաստանի անհայտ շրջաններից մեկը։ Եւ պատահական չէ, որ Ամերիկայի բնիկներին մինչեւ հիմա կոչում են հնդկացիներ։ Միայն Կոլումբոսի մահից մեկ տարի անց Ամերիգո Վեսպուչին հայտարարեց, որ Կոլումբոսի հայտնաբերած տարածքը ամենեւին էլ Ասիա չէ, եւ Վեսպուչիի անունով էլ այն կոչվեց Ամերիկա։ Իսկ Կոլումբոսը ոչ ճանաչում ստացավ, ոչ էլ հարստություն, որովհետեւ այն ժամանակ Եվրոպայում ամենաթանկ ապրանքը համեմունքներն էին, իսկ Ամերիկան հայտնագործողն այնտեղից ոչ մի համեմունք էլ չէր բերել։

Ինչպես պայթեցվեց «ռումբերի ռումբը», բայց հաղթեց մարդկության ինքնապահպանման բնազդը 

Բայց պատմության մեջ մնաց Կոլումբոսյան ձուն։ Գիտեք, իհարկե, երբ մի ճաշկերույթի ժամանակ հյուրերը սկսեցին հեգնել Կոլումբոսին՝ թե ինչ է արել որ՝ ինչ-որ նոր տարածք է հայտնագործել, Կոլումբոսը վերցնում է ձուն ու առաջարկում ներկաներին այն կանգնեցնել ուղղահայաց։ Երբ ներկաներից որեւէ մեկը դա չի կարողանում անել, Կոլումբոսը ջարդում է ձուն մի ծայրից եւ կանգնեցնում սեղանին։ Արհամարհական բացականչություններ են լսվում՝ «Այդպես ես էլ կարող էի»։ Եւ Կոլումբոսն արձագանքում է՝ «Տարբերությունն այն է, որ դուք դա կարող էիք անել, իսկ ես դա արեցի»։

Ինչպես իտալացին հայրենասիրական մղումներով գողացավ «Մոնա Լիզան»