Ի՞նչը կարող է «ստիպել» ՄԻԵԴ–ին պատժել Սաֆարովին ու Ադրբեջանին, կամ Հայաստանի վերջին հույսը

Սահմանադրագետ Արա Ղազարյանի խոսքով՝ Եվրոպական դատարանում ընթացող այս կամ այն դատավարության ելքի վրա ազդեցություն ունեցող մի քանի իրավական և հասարակական-քաղաքական գործոններ գոյություն ունեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. 2004թ.-ին Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ընթացող դատավարությունը կարող է նոր զարգացում ունենալ: Դատելով հայ փաստաբանների նոր բողոքից՝ դեռ վաղ է վերջակետ դնել այս աղմկահարույց պատմությանը։

ՄԻԵԴ-ը Գուրգեն Մարգարյանի սպանությունը չվերագրեց Ադրբեջանին. վճիռը բողոքարկվել է

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Մարգարյանի հարազատների, ինչպես նաև նրա ծառայակից Հայկ Մակուչյանի պաշտպաններ Սիրանուշ Սահակյանն ու Լևոն Գևորգյանը բողոքարկել են Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի Պալատի որոշումը: 2020թ․-ի մայիսին Պալատը որոշել էր, որ Ադրբեջանը, ազատ արձակելով Մարգարյանին կացնահարած սպա Ռամիլ Սաֆարովին, մեղավոր է ճանաչվում Եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածի (կյանքի իրավունք) և 14-րդ հոդվածի (խտրականության արգելք) խախտման համար: Դատարանը Ադրբեջանի իշխանություններին պարտավորեցրել էր որպես դատական ծախսերի փոխհատուցում 15 143 ֆունտ ստեռլինգ վճարել տուժող կողմի հայցվորներին։

ՄԻԵԴ-ն ադրբեջանական պետությանը չի վերագրել Մարգարյանի սպանության բուն փաստը և Մակուչյանի դեմ մահափորձի փաստը։ ՄԻԵԴ-ը հիմնվում է Հունգարիայի դատարանի որոշման վրա, ըստ որի Սաֆարովը սպանության պահին գործել է որպես մասնավոր անձ։ Հենց այդ որոշման դեմ էլ բողոք են ներկայացրել տուժող կողմի ներկայացուցիչները։ Բողոքարկումը ներկայացվել է ՄԻԵԴ-ի Մեծ պալատ։ Էությունն այն է, որ պետությունը, տվյալ դեպքում՝ Ադրբեջանը, նույնպես պատասխանատու ճանաչվի հայ սպայի սպանության համար։

ՄԻԵԴ-ի որոշումն Ադրբեջանի հայատյաց քաղաքականության դեմ կայացրած դատավճիռ է. ՀՀ ԱԳՆ

Հաջողություն կունենա՞ արդյոք հայ իրավաբանների հայցը՝ դեռ պարզ չէ։

Եվրոպական դատարանի հայ փորձագետ Արա Ղազարյանը կարծում է, որ դրական ելքի հնարավորություն, այնուամենայնիվ, կա։

Նրա խոսքով՝ ՄԻԵԴ–ի Մեծ պալատում սովորաբար վճիռները բողոքարկվում են երկու հիմքով․ եթե խնդիրն ընդհանուր կարևորություն է ներկայացնում և ունի համաեվրոպական նշանակություն, կամ էլ երբ վերաբերում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մեկնաբանության շատ կարևոր հարցի։

Ինչպես է կատարվելու ՄԻԵԴ վճիռը, որտեղ ու ինչպես կկրի իր կիսատ պատիժը Ռամիլ Սաֆարովը

 «Սրանք այն հիմքերն են, որոնց պետք է համապատասխանի բողոքարկումը։ Եթե բողոքը չբավարարի նշված երկու հիմքերից նույնիսկ մեկին, Մեծ պալատի հինգ դատավորների կազմի կողմից այն կհամարվի անընդունելի, և Պալատի վճիռը կմնա ուժի մեջ»,- Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում պարզաբանեց Ղազարյանը։

Ղազարյանն ինքը ՄԻԵԴ-ում ներկայացնում է Մանվել Սարիբեկյանի ընտանիքի շահերը։ Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղի 20-ամյա բնակիչը 2010թ. սեպտեմբերին մոլորվել էր և հայտնվել Ադրբեջանի տարածքում, որտեղ նրան ձերբակալել էին: Հոկտեմբերի 5-ին նրան գտել են բանտում կախված։ Դին հայկական կողմին է հանձնվել մահվանից մեկ ամիս անց։ Այս տարվա հունվարին ՄԻԵԴ-ը պարտավորեցրել էր Բաքվին 62 հազար եվրո վճարել Սարիբեկյանի ընտանիքին։

«Իհարկե, աշխարհի ոչ մի դատարան վակուումում չի գործում։ Դատարանի պատերից դուրս ընթացող գործընթացները հսկայական նշանակություն ունեն դատարանի որոշումների համար։ Դատական ատյանները հետևում են, թե դրսում առկա հասարակական հարաբերություններում ինչ տեղաշարժեր կան և որպես կանոն արձագանքում են դրանց, երբ տեղաշարժերը հասնում են որոշակի քանակական և որակական աստիճանի։ Այնպես որ, հասկանալի է, որ վճիռը կախված է նաև դրա շուրջ բարձրացած աղմուկից»։

Ադրբեջանը հերքել չի կարողացել. ՄԻԵԴ-ը վճռեց` հայ սպային գլխատած Սաֆարովին հերոսացրել են

Դատարանն իրեն վստահ է զգում որոշումներ ընդունելիս, երբ հարցի վերաբերյալ արդեն իսկ կա համաեվրոպական կոնսենսուս՝ այս կամ այն սցենարի օգտին։ Կոնսենսուս չլինելու դեպքում դատարանը նույնպես կարող է վարույթ ընդունել, բայց արդեն շատ դժվար որոշում կկայացնի, որովհետև քվեարկող դատավորների ձայների տարբերությունը կարող է մեծ չլինել։ Ընդ որում՝ մեր զրուցակիցը դժվարանում է ասել, թե ՄԻԵԴ–ի վրա որքան է մեծ քաղաքականության, հասարակական կառույցների կամ լրատվամիջոցների ազդեցության աստիճանը, և դժվար է ասել, թե ինչպիսին կլինի այդ ազդեցությունը տվյալ գործի պարագայում։

«Ամեն դեպքում, ՄԻԵԴ-ը մինչ օրս ընդհանուր առմամբ ապացուցել է իր հավատարմությունը միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին, հավատարմությունը նախադեպային իրավունքին։ Բայց հիմա ինչ-որ կանխատեսում անելը շատ դժվար է»,-ավելացրեց նա։

Ղազարյանի խոսքով` ինչ վերաբերում է բողոքը վարույթ ընդունելու կամ մերժելու ժամկետներին, ապա այդ գործընթացը միջինում տևում է մինչև կես տարի:

Հովհաննիսյան. «Ադրբեջանը շարունակում է նույն քաղաքականությունը` հերոսացնելով մարդասպանին»

Նա նշում է, որ եթե ՄԻԵԴ-ը Ադրբեջանն ու Հունգարիան իրար հանցակից է ճանաչում, ապա այստեղ արդեն բոլորովին այլ ենթատեքստ և այլ իրավիճակ է առաջանում: Ստացվում է, որ պետությունն ինքն է նախաձեռնել հանցագործություն՝ իր քաղաքացուն գաղտնի հրամայելով սպանել մեկ այլ երկրի քաղաքացու։

Հիշեցնենք, որ Մարգարյանը Մակուչյանի հետ մասնակցում էր ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի եռամսյա դասընթացներին: Սաֆարովը նույնպես ծրագրի մասնակից էր։ Նա կացնով 16 հարված է հասցրել քնած հայ սպա Գուրգեն Մարգարյանի դեմքին, որից հետո փորձել է սպանել երկրորդ հայ սպային ։

Հունգարական դատարանը 2006թ.-ի ապրիլին Սաֆարովին մեղսունակ ճանաչեց և դատապարտեց ցմահ բանտարկության: Սակայն 2012թ․-ի օգոստոսին Հունգարիան Սաֆարովին արտահանձնեց Ադրբեջանին, որտեղ նրան ներում շներհվեց, նրան մայորի աստիճան և 8 տարվա աշխատավարձ տվեցին։

Նախքան Հայաստանին կոչ անելն Ալիևը պետք է հրաժարվի Ռամիլ Սաֆարովին հերոսացնելուց. ԱԳՆ

Հայաստանը, ի պատասխան, խզեց դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ: Սաֆարովի ազատ արձակումն ու հերոսացումը դատապարտեցին միջազգային կազմակերպությունների բազմաթիվ ներկայացուցիչներ։