ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի նախկին տնօրենը դատի է տվել ՀՀ առողջապահության նախարարությանը

Սամվել Գրիգորյանի ներկայացրած հայցն ընդդեմ նախարարության և ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի կքննվի Երևանի ընդհանուր իրավասության դատարանում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի — Sputnik. «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Սամվել Գրիգորյանը դատի է տվել ՀՀ առողջապահության նախարարությանն ու իր նախկին աշխատավայրին։ Այս մասին տեղեկանում ենք դատական տեղեկատվական datalex համակարգից։

Հանձնաժողովի նախագահը ՁԻԱՀ–ի կենտրոնի հարցով կդիմի կառավարություն. նա հիշեց նախկին փորձը

Գրիգորյանը պահանջում է իրեն աշխատանքից ազատելու հրամանն անվավեր ճանաչել, վերականգնել իրեն պաշտոնում և բռնագանձել հարկադիր պարապուրդի գումարը։

Գործը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանին։ Դատարանը հայցադիմումը վարույթ է ընդունել է վարույթ:

Դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 29-ին։

Նշենք, որ փետրվար 26–ին ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացրել էր, որ նախարարի հրամանով լուծարվել է Սամվել Գրիգորյանի աշխատանքային պայմանագիրը` աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ իրականացնելու հիմքով:

ՁԻԱՀ–ի կենտրոնի տնօրենն ազատվել է, փոխտնօրենը` տարվել ոստիկանություն. նախարարն ասաց` ինչու

Ավելի վաղ` այս տարվա հունվարի 30-ին, կառավարությունը որոշել էր միավորել ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնն ու «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցը։ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը պարզաբանել էր, որ Գրիգորյանին աշխատանքից ազատելը պայմանավորված է եղել այն հանգամանքով, որ Գրիգորյանը բազմիցս հրաժարվել է կատարել իր պահանջները։ Մասնավորապես, հրաժարվել է տրամադրել երկու բուժհիմնարկները միավորելու համար անհրաժեշտ փաստաթղթերը։

Դրանից հետո «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի մի քանի տասնյակ աշխատակիցներ ինքնակամ աշխատանքից ազատվելու դիմում ներկայացրին, բողոքի ակցիաներ եղան երկու կենտրոնների միավորման դեմ։

«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի և ՁԻԱՀ կանխարգելման հանրապետական կենտրոնը տնօրենի նորանշանակ ժամանակավոր պաշտոնակատար ունի. Հովհաննես Մադոյանն օրերս նշանակվեց այդ պաշտոնում։

ՁԻԱՀ–ի կենտրոնը նոր ղեկավար ունի. կոլեկտիվը նրան չի ընդունում