Կբարելավենք թիմի խաղն ու արդյունքները. Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչն ասաց` ինչպես

Ազգերի լիգայի խմբային փուլի առաջին խաղերում պարտություն կրելուց հետո Հայաստանի և Էստոնիայի հավաքականները ձգտելու են հետ բերել կորցրածը: Երկրորդ պարտությունը յուրաքանչյուրի համար կնշանակի ձախողում խմբային փուլում, որից հետո խմբում հաղթելը կդառնա համարյա անհնարին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ,  7 սեպտեմբերի  -Sputnik. Վաղը կայանալիք Հայաստան-Էստոնիա Ազգերի լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի խաղից առաջ մեր հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը դեռևս չի կողմնորոշվել մեկնարկային կազմի ընտրության հարցում: Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում նախախաղային ասուլիսի ժամանակ գլխավոր մարզիչն ասաց, որ կազմն ընտրելու ժամանակ դեռ կա, առջևում դեռ 24 ժամ ունենք։

«Նորամուտ...». Խորեն Բայրամյանը մեկնաբանել է Մակեդոնիայի հետ խաղը

«Ես հպարտ եմ, որ հնարավորություն ունեմ գլխավորելու Հայաստանի հավաքականը: Մենք թիմում աստիճանաբար սերնդափոխություն պետք է իրականացնենք։ Հավաքականի կազմ նոր խաղացողներ ընդգրկելով` կկարողանանք բարելավել և՛ թիմի խաղը, և՛ արդյունքները»,- ասեց Կապառոսը:

Խոսելով Հենրիխ Մխիթարյանի բացակայության մասին` Կապառոսն ընդգծեց, որ ոչ մի կոնֆլիկտ էլ Հենրիխի ու իր կամ հավաքականի միջև չկա: «Մեր առաջատարը պատրաստ կլինի հոկտեմբերին կայանալիք խաղերին, և իհարկե, չեմ էլ կասկածում, որ Մխիթարյանը մեծ օգուտ կբերի մեր ընտրանուն»,-  նշեց իսպանացի մասնագետը:

Իր հերթին թիմի հարձակվող Արշակ Կորյանը ընդգծեց, որ Հյուսիսային Մակեդոնիայի հետ խաղում մեր ընտրանուն խանգարեց խաղակցվածության պակասը. «Հինգ նորեկների ներկայությունը մեկնարկային կազմում խանգարեց ավելի արդյունավետ գործելուն», -ասեց Կորյանը:

Վերջում Խոակին Կապառոսը ընդգծեց, որ մեր խմբում ռեալ ֆավորիտներ չկան, բոլոր թիմերն էլ ունեն նույն խաղամակարդակը: «Հաղթանակի կարող է հասնել յուրաքանչյուրը: Պետք է աշխատենք զերծ մնալ սխալներից, որոնք նման իրավիճակում բախտորոշ կամ վճռական ազդեցություն կունենան խաղերի արդյունքի վրա»,- ասեց Կապառոսը:

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նորեկները հայերեն են խոսում. տեսանյութ

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 8-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական » մարզադաշտում Ազգերի լիգայի խաղարկության շրջանակում Հայաստանի հավաքականը մրցելու է Էստոնիայի ընտրանու հետ: Առաջին տուրում երկու թիմերն էլ պարտվել են համապատասխանաբար Հյուսիսային Մակեդոնիայի և Վրաստանի հավաքականներին: