Դատարանը Արա Բաբլոյանին թույլատրեց մեկնել երկրից

Դատախազը չառարկեց Բաբլոյանի պաշտպան Արամ Վարդևանյանի միջնորդությանը, դատարանն էլ բավարարեց այն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի - Sputnik. Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Հարություն Մանուկյանի նախագահությամբ, այսօր բավարարեց Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանի պաշտպան  Արամ Վարդևանյանի միջնորդությունը և թույլատրեց Բաբլոյանին լքել երկիրը։

Դատախազը չառարկեց պաշտպանի միջնորդությանը, դատարանն էլ բավարարեց այն։

Արա Բաբլոյանի նկատմամբ քրեական հետապնդումը չի դադարեցվի

«Դատարանը, հաշվի առնելով Արա Բաբլոյանի անձը, նրա կապը Հայաստանի Հանրապետության հետ, զբաղեցրած պաշտոնը, ինչպես նաև վերջինիս կողմից նախաքննության և դատական քննության ընթացքում դրսևորած վարքագիծը, որոշում կայացրեց միջնորդությունը բավարարել և Արա Բաբլոյանին թույլատրել միջնորդությամբ նշված ժամանակահատվածում միջնորդությամբ նշված վայր մեկնել և վերադառնալ», - ասաց դատավորը։

Նշենք, որ նիստի ընթացքում չնշվեց, թե ուր է պատրաստվում մեկնել Բաբլոյանը և ինչ նպատակով։

Նույն գործով անցնում է նաև «Հայրենիք» կուսակցության խորհրդի նախագահ Արսեն Բաբայանը։ Նրա փաստաբան Երվանդ Վարոսյանը Բաբայանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացնելու վերաբերյալ միջնորդություն ներկայացրեց։ Դատախազը առարկեց։ Դատարանը գնաց խորհրդակցության` որոշում կայացնելու։

Բաբլոյան. ««Արաբկիրը» պատրաստ է օգնել բուժհիմնարկներին` չմտածելով փոխհատուցման մասին»

Հիշեցնենք` Արա Բաբլոյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի և 314-րդ հոդվածի 1-ին մասերով` մի խումբ պաշտոնատար անձանց հետ ՀՀ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալու, ինչպես նաև պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ:

Իսկ Արսեն Բաբայանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-300-րդ հոդվածի և 314-րդ հոդվածի 1-ին մասերով` Արա Բաբլոյանի և այլ պաշտոնատար անձանց կողմից ՀՀ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալուն օժանդակելու, ինչպես նաև պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ: