ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի - Sputnik․ ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ առողջապահության նախկին փոխնախարար Վահան Պողոսյանը կալանավորվել է։
2019-ի մարտին Պողոսյանի դեմ հարուցվել էր քրեական գործ «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում մի շարք չարաշահումների կատարման դեպքի առթիվ` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ): Այդ ժամանակ Պողոսյանը չէր կալանավորվել, ազատ էր արձակվել գրավի դիմաց` 5 մլն դրամի չափով։
Սակայն 2020-ի օգոստոսի Պողոսյանի մեղադրանքը լրացվել է ևս մի քանի հոդվածով` 2015-2016–ի ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով 2 դրվագով (հանցակից` պաշտոնեական դիրքն օգտագործելով, առանձնապես խոշոր չափերով, կազմակերպված խմբի կողմից յուրացնելը) և ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (կաշառք ստանալը` ակնհայտ ապօրինի գործողության կամ անգործության համար, առանձնապես խոշոր չափերով)։
«Թունավոր» օղու դեպքով մեղադրյալը կալանավորվեց. երրորդ թեստի պատասխանը բացասական էր
Մեղադրանքն առաջադրվել է այն բանի համար, որ Պողոսյանը յուրացրել է արտասահմանյան դրամաշնորհային մի շարք ծրագրերի գումարներ, որոնք ուղղված են եղել Հայաստանում բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման, տուբերկուլոզի և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելմանը։ Ընդհանուր առմամբ յուրացվել է մոտ 78 մլն դրամ, որից 58-ը գրպանել է Պողոսյանը, իսկ 20-ը` «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ–ի տնօրեն Արմեն Հայրապետյանը։ Այս ամենի դիմաց Պողոսյանը Հայրապետյանից որպես կաշառք պահանջել է 17 մլն դրամ արժեցող ավտոմեքենա, յուրաքանչյուր ամիս էլ որպես կաշառք ստացել է 100 լիտր բենզինի վառելիքի կտրոններ:
Բացի այդ, Պողոսյանը կազմակերպել է կենտրոնում երկու ձևական աշխատակցի գրանցում և գրպանել է նրանց աշխատավարձերը` ընդհանուր 8 մլն դրամի չափով։
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2020–ի սեպտեմբերի 7-ին Պողոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել է կալանավորումը։ Նշված քրեական գործով նախաքննության տարբեր փուլերում մեղադրանք է առաջադրվել 12 անձի, այդ թվում նաև Արմեն Հայրապետյանին, որը ազատ է արձակվել գրավի դիմաց։