«1991-ին, երբ Հայաստան եկա, 7-8 խենթեր կային, որ մեկ երազի հավատացին». Հրայր Հովակիմյան

Երևանի քաղաքապետարանը տեսանյութ է պատրաստել Ազգային հերոսի կոչմանն արժանացած հայտնի բժիշկ Հրայր Հովակիմյանի մասին։
Sputnik

«Ազգային հերոսի» կոչմանն արժանացած հայտնի բժիշկ, սրտաբան Հրայր Հովակիմյանը շատ զգացված է կոչման արժանանալու համար, բայց և մի փոքր անհարմար է զգում։ Երևանի քաղաքապետարանը տեսանյութ է հրապարակել` հեռախոսազրույց ունենալով  Հովակիմյանի հետ, որն այս պահին Հայաստանում չէ։

Ո՞վ է ազգային հերոս Ռուբեն Սանամյանը, ինչի համար է պարգևատրել

«1991-ին, երբ Հայաստան եկա, 7-8 խենթեր կային, որ մեկ երազի հավատացին։ Իմ գործընկերներն էին, որոնք առաջին բջիջն էին գոյավորելու մեր երազանքը»,–ասաց նա։

Հովակիմյանի խոսքով` առաջին օրվանից, երբ Հալեպից Հայաստան է եկել, որոշել է, որ քաղաքականության հետ գործ չի ունենալու։ Հայտնի բժիշկն ասում է` ՀՀ երեք ղեկավարների հետ էլ լավ հարաբերությունների մեջ է եղել, հիմա կարծես չորրորդի հետ էլ լավ հարաբերություններ ունեն։

Հիշեցնենք, որ օգոստոսի 27-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ հայտնի բժիշկ, սրտաբան Հրայր Հովակիմյանը պարգևատրվեց Հայրենիքի շքանշանով։

Հովակիմյանը ծնվել է Սիրիայի Հալեպ քաղաքում։ 1993 թ. նրա գլխավորությամբ հիմնադրվել է «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնը։ Սրտային վիրաբուժության գծով վերապատրաստել է մեծ թվով հայաստանցի բժիշկների։ Արտասահմանյան մի շարք բժշկական ընկերությունների և ասոցիացիաների անդամ է։ Արժանացել է բազմաթիվ կոչումների ու պարգևների, այդ թվում՝ Երևանի պատվավոր քաղաքացու, ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտորի, պարգևատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշանով, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով և այլն։