ՌԱԴԻՈ

ԱԳ նախարարից մինչև պատկան մարմիններ. Էնֆիաջյանը խոստանում է ՌԴ քաղաքացիների խնդրով զբաղվել

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է խորհրդարանի շենքի առջև բողոքի ակցիա իրականացրած քաղաքացիների հետ իր հանդիպմանն ու նրանց հուզող խնդրին։
Sputnik
ԱԳ նախարարից մինչև պատկան մարմիններ. Էնֆիաջյանը խոստանում է ՌԴ քաղաքացիների խնդրով զբաղվել

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանի փոխանցմամբ` տևական ժամանակ է, ինչ ինքը խնդրի հետ կապված ստանում է նամակներ և դիմումներ, որ կան բազմաթիվ քաղաքացիներ, որոնք գտնվում են Հայաստանի տարածքում, ցանկանում են մեկնել Ռուսաստան և հակառակը: ՌԴ–ում նույնպես կան շատ հայրենակիցներ, որոնք մտադիր են վերադառնալ Հայաստան, հետևաբար իրենց տեղաշարժին առնչվող սահմանափակումների ու անորոշության հետ կապված հարցերը օրեցօր ավելի հրատապ են դառնում և իրենք ստիպված են ավելի կազմակերպված ձևով գործել։

ՌԴ քաղաքացիներին հաջողվել է Վրաստանի տարածքով տուն վերադառնալ

«4300-ից ավելի ստորագրություն են հավաքել։ Նրանք իսկապես հայտնվել են անելանելի վիճակում` կապված իրենց աշխատանքի, կենցաղային հարցերի հետ։ Շատերի պարագայում ընտանիքի կեսը գտնվում է Հայաստանում, մյուս կեսը Ռուսաստանում, մարդիկ բնականաբար ցանկանում են միանալ հարազատներին։ Որոշ մարդիկ առողջության հետ կապված խնդիրներ ունեն, մյուսներն իրենց բիզնես ծրագրերի, որովհետև վարկեր են վերցրել, և հիմա խնդիրներ են առաջացել բանկերի հետ։ Պրոբլեմն, ինչ խոսք, դարձել է ավելի ծավալուն»,–Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա։

Էնֆիաջյանի դիտարկմամբ` քանի որ պետական մարմինների ներկայացուցիչները նրանց հարցերին պատշաճ չեն պատասխանել, նրանք ստիպված եկել էին խորհրդարանի շենքի մոտ` իրականացնելու բողոքի ակցիա։ Պատգամավորը նրանց հետ հանդիպման ժամանակ խոստացել է վարման կարգով անպայման անդրադառնալ խնդրին, և գրավոր կերպով այն ներկայացնել արտգործնախարարին։ Հարյուրավոր մարդիկ պահանջել են իրենց հարցերը ներառել քննարկումներում, որպեսզի դրանք գործնական տեսքի բերվեն առկա գործընթացում, և մարդիկ էլ հասկանան, թե երբ կարող են Հայաստանից մեկնել։

Ավելի քան 120 ռուսաստանցի տուն են վերադարձել Երևան-Նովոսիբիրսկ չվերթով

«Քաղաքացիներն իրենց դժգոհությունը բարձրաձայնելով հանդերձ` պետությունից որևէ գումար չեն ակնկալում, ուզում են հարցի լուծում և պատրաստ են տեղափոխման համար վճարել պահանջվող գումարներն ու անցնել համապատասխան թեստավորում ինչպես ՀՀ–ում, այնպես էլ՝ ՌԴ–ում, միայն թե խնդիրը լուծվի և իրենք կարողանան տեղաշարժվել»,– նշեց պատգամավորը։

Էնֆիաջյանի տեղեկացմամբ` քաղաքացիներից շատերը տարակուսում են չարտերային չվերթերի կապակցությամբ, նշում են, որ կան մի խումբ մարդիկ, որոնց հաջողվում է հարցեր լուծել ու մեկնել ՌԴ, իսկ իրենք մնացել են անորոշության մեջ։

Հայաստանում գտնվող 92 ՌԴ քաղաքացիներ կարողացել են վերադառնալ հայրենիք

Պատգամավորի համոզմամբ` կարելի է լուծել տեխնիկական բնույթի հարցերը, որովհետև չարտերային չվերթերը կազմակերպվում են նույն պահանջներն ու սկզբունքները պահպանելով։ Մարդիկ սպասում և ակնկալում են, որպեսզի ՀՀ և ՌԴ պատկան մարմինների միջև հնարավորինս շուտ կայացվի համապատասխան որոշում։

Հիշեցնենք՝ ՌԴ մի խումբ քաղաքացիներ այսօր հավաքվել էին Ազգային ժողովի դիմաց` պատգամավորներին իրենց խնդիրը ներկայացնելու։  Ակցիայի մասնակիցների խոսքով՝ իրենք հայտնվել են անելանելի իրավիճակում, և եկել են ԱԺ` օգնություն ստանալու ակնկալիքով։

Եվս 218 քաղաքացի Հայաստանից մեկնել են Ռուսաստան