Ցամաքային ճանապարհով Հայաստան վերադառնալու տարբերակ դեռ չկա. Աննա Նաղդալյան

ԱԳՆ խոսնակը հորդորում է ՀՀ քաղաքացիներին Հայաստան վերադառնալու համար օգտվել կանոնավոր իրականացվող չվերթերից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի - Sputnik. ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը Վերին Լարսում կուտակված ՀՀ քաղաքացիներին հորդորում է Հայաստան վերադառնալ օդային ճանապարհով։ Նաղդալյանը նման կոչով հանդես եկավ այսօր կազմակերպված ճեպազրույցի ժամանակ` պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին, թե ինչպե՞ս է լուծվելու Վերին Լարսում կուտակված ՀՀ քաղաքացիների խնդիրը։

ՀՀ քաղաքացիները մնացել են Վերին Լարսում, նրանց շարքում կանայք և երեխաներ կան․ մանրամասներ

«Բազմիցս ասել ենք, որ Ռուսաստանում գտնվող ՀՀ քաղաքացիները չեն կարող Հայաստան վերադառնալ ցամաքային ճանապարհով, քանի որ Վրաստանում դեռևս շարունակում է ուժի մեջ մնալ օտարերկրացիների մուտքն արգելող որոշումը։ Այլ տարբերակ ցամաքային ճանապարհով Հայաստան վերադառնալու` դեռևս չկա և տեղեկություններ էլ չկան, թե երբ կլինի»,–ասաց Նաղդալյանը։

Նա հորդորեց ՀՀ քաղաքացիներին օգտվել կանոնավոր իրականացվող չվերթերից։ Նաղդալյանը հիշեցրեց, որ Ռուսաստանի որոշ շրջաններից` Միներալնիե Վոդիից, Կրասնոդարից, Սոչիից շաբաթական մի քանի անգամ իրականացվում են թռիչքներ։ Իսկ ինչ վերաբերում է ՀՀ քաղաքացիների ավտոմեքենաներին, ապա ԱԳՆ խոսնակը նշեց, որ դրանց տեղափոխումը Հայաստան հնարավոր է կազմակերպել հատուկ ծառայությունների միջոցով։

Վերին Լարսի անցակետում բողոքի ակցիա է․ Թանանյանը համոզել է հայ վարորդներին հետ կանգնել

Հիշեցնենք՝ Վրաստանում մարտից օտարերկրացիների մուտքի արգելք է գործում։ Արգելքը չի տարածվում բեռնափոխադրումների վրա։ Այս օրերին ՀՀ քաղաքացիները, այդ թվում՝ կանայք ու երեխաներ, Վերին Լարս անցակետ (ռուս-վրացական սահման) էին եկել ու փորձում էին ցամաքային ճանապարհով՝ Վրաստանի տարածքով, Հայաստան վերադառնալ։