ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի - Sputnik․ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել, որի ընթացքում քննարկվել է Յան Ռայնիսի 1 հասցեի շենքի փլուզման հետևանքների վերացման հարցը։ Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
«Նախագծվում է վնասված հատվածի ապամոնտաժումը և շենքի ամրացումը, ինչպես նաև, քննարկվում է հեռանկարում տուժած բնակիչներին հիմնական կացարաններով ապահովելու հարցը։ Մինչ այդ համայնքը կհոգա տուժած բնակիչների ժամանակավոր կացարանի ծախսերը»,– նշված է հաղորդագրության մեջ։
Տուժած ինը ընտանիքները այժմ ապրում են հյուրանոցում։
Հիշեցնենք` օգոստոսի 26-ի առավոտյան Ռայնիսի (Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան) փողոցի շենքերից մեկում պայթյուն էր տեղի ունեցել, տունը մասամբ փլուզվել էր: Միջադեպի հետևանքով բնակիչներից մեկը ՝ 58-ամյա Արթուր Ղազարյանը, մահացել էր, երկուսը՝ 71-ամյա Սվետլանա Սահակյանը և 41-ամյա Էդգար Մարգարյանը, հոսպիտալացվել էին: Օգոստոսի 29-ին հայտնի դարձավ, որ Էդգար Մարգարյանը նույնպես մահացել է հիվանդանոցում։
Պայթել էր շենքի այն հատվածը, որտեղ գտնվում էին պատշգամբներն ու խոհանոցները, դրա շնորհիվ հնարավոր էր եղել խուսափել մեծ կորուստներից։ Ընդհանուր առմամբ տուժել են մեկ մուտքի 12 բնակարան։
Շենքի փլուզումը թող դաս լինի. Փաշինյանն ասաց` ինչ անել, որ նման դեպքեր չլինեն
Շենքի փլուզման հետ կապված քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի մի քանի մասով (անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը, որոնք անզգուշությամբ վնաս են պատճառել երկու կամ ավելի անձանց առողջությանը և անզգուշությամբ առաջացրել են մարդու մահ):
Արթնանում ես ու էլ տուն չունես. Երևանում որոտացած պայթյունը՝ ականատեսի աչքերով ու զգացածով