Հայ–իրանական հանցավոր խումբ է բացահայտվել. խաբեությամբ Հայաստան են բերել 50 իրանցու

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում հայտնաբերվել է Իրանի քաղաքացիներից վերցված անձնագրերի մի մասը։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։
Sputnik

ՀՀ ոստիկանությունը Իրանի և Հայաստանի տարածքում գործող հանցավոր խումբ է բացահայտել, որի անդամները եվրոպական պետություններ տեղափոխելու պատրվակով, խաբեությամբ հավաքագրել և Իրանից Հայաստան են տեղափոխել Իրանի 50 քաղաքացու։

Գալուստ Սահակյանի որդուն մեղադրանք է առաջադրվել. գործն ուղարկվել է դատարան

Անձանց հավաքագրմամբ ու Հայաստան տեղափոխմամբ զբաղվել են Իրանի երկու քաղաքացիներ, իսկ արդեն Հայաստանում նրանց դիմավորել են հանցավոր խմբի մյուս անդամները` Հայաստանի քաղաքացիները։

Վերջիններն այդ անձանց վստահություն ներշնչելու համար ներկայացել են որպես իրավապահ և դիվանագիտական ոլորտների աշխատակիցներ։ Նրանք Հայաստան տեղափոխված անձանց նպատակակետ երկրներ ուղարկելու համար պահանջել և ստացել են, նախնական տվյալներով, շուրջ 300 հազար դոլար։ Այնուհետև Իրանի քաղաքացիների մի մասին տեղափոխել են Թուրքիա և Վրաստան` խոստանալով այդ երկրներում գտնվող դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցով ուղարկել եվրոպական երկրներ: Չկատարելով իրենց խոստումը՝ Իրանի քաղաքացիներին կրկին տեղափոխել են Հայաստան, վերցրել նրանց անձնագրերը տարբեր պատրվակներով հետաձգելով նրանց խոստացած մեկնումը։

Ոստիկանության ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է Իրանի քաղաքացիներից մի քանիսի ինքնությունը։ Նրանք հրավիրվել են ոստիկանության Կենտրոնական բաժին ու հաղորդումներ տվել: Հայտնաբերվել և ձերբակալվել են նաև հանցավոր խմբի անդամները։

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում հայտնաբերվել է վերցված անձնագրերի մի մասը։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Կատարվում է նախաքննություն։