Արմավիրում խմիչքից մահացածների թիվը հասել է 11-ի, ևս 4–ի վիճակը ծայրահեղ ծանր է

ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ դեպքի առիթով հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է Արմավիր քաղաքի բնակիչ Աշոտ Լենդրուշի Հովսեփյանը՝ ծնված 1970թ.:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի - Sputnik. Արմավիրի մարզում վաճառված «թունավոր» խմիչքից տուժածների թիվն անցել է մեկ տասնյակից, 11 անձ մահացել է։ Այս տվյալները հրապարակել է ՀՀ առողջապահության նախարարությունը։ Հրապարակված տեղականքի համաձայն` օգոստոսի 31-ից մինչև սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում «ալկոհոլային ինտոքսիկացիա» ախտորոշմամբ Արմավիրի բժշկական կենտրոն է ընդունվել 10 անձ:

Արմավիրում թունավորվել են անհայտ ծագման խմիչքից. 2 մարդ մահացել են, 3-ը՝ հոսպիտալացվել

Նրանցից 3-ը մահացել են հենց Արմավիրի հիվանդանոցում: 4-ին տեղափոխել են «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն, որտեղ վերջիններս ևս մահացել են, 1 պացիենտ «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում է` ծայրահեղ ծանր վիճակում։

Արմավիրի բժշկական կենտրոնից «Արմենիա» ՀԲԿ տեղափոխված 2 տուժածի առողջական վիճակը ևս բժիշկները գնահատում են ծանր:

Արմավիրի մարզի 1 բնակիչ նույն ախտանշաններով դիմել է «Արմենիա» բժշկական կենտրոն, սակայն գրավոր հրաժարվել է բուժօգնությունից և դուրս գրվել:

Թունավորման կասկածով 1 պացիենտ էլ գտնվում է Հերացի թիվ 1 կլինիկական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում:

Բացի այդ, 4 քաղաքացի Երևանից են դիմել «Արմենիա» ՀԲԿ կրկին նույն ախտանշաններով։ Նրանք ևս մահացել են:

«Այս պահի դրությամբ ունենք 11 մահվան դեպք, նախնական տվյալներով` «ալկոհոլային ինտոքսիկացիայից»»,– հայտնում են նախարարությունից:

ՀՀ Քննչական կոմիտեից էլ հայտնում են, որ դեպքի առիթով հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է Արմավիր քաղաքի բնակիչ Աշոտ Լենդրուշի Հովսեփյանը՝ ծնված 1970թ.:

ՔԿ տվյալներով` նա վաճառել է 30 լիտր ալկոհոլային խմիչք, որի հայտնաբերման ու գնորդների ինքնությունը պարզելու ուղղությամբ միջոցառումներ են իրականացվում:

Բոլոր այն քաղաքացիներին, որոնք ալկոհոլային խմիչք են գնել վերոնշյալ անձից, ՔԿ–ն հորդորում է չօգտագործել այն և դիմել ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն:

11 մարդու մահվան պատճառը տեխնիկական ծագման սպի՞րտն է. մանրամասներ, լուսանկարներ