Տաթև Հայրապետյանի դիտարկմամբ` բանակցային գործընթացի վերսկսումն անխուսափելի է և առաջին հերթին բխում է հենց պաշտոնական Բաքվի շահերից։ Ըստ նրա` բանակցային գործընթացի ներկա փուլում առկա անորոշությունը հայկական կողմերի մոտ չէ, քանի որ ՀՀ վարչապետն իր ելույթներից մեկում 7 կետով անդրադարձավ գործընթացի վերսկսման հեռանկարին։
«Անորոշություն կա հիմնականում Բաքվում` կապված կադրային վերջին փոփոխությունների հետ։ Հարց է, թե ով է ներկայացնելու ադրբեջանական կողմին բանակցություններում, երկակիությունն իսկապես հարցեր է առաջացնում, Բաքուն բանակցություններին վերադառնալու է մաքսիմալիստակա՞ն դիրքորոշմամբ, թե՞ այլ մոտեցումներով», – Sputnik Արմենիային ասաց ԱԺ պատգամավորը։
Հայրապետյանը վկայակոչեց համանախագահների վերջին հայտարարությունը, ըստ որի` նրանք հորդորում են հակամարտող կողմերին զերծ մնալ սադրիչ քայլերից, որոնք ավելի են սրում իրավիճակը, ընդ որում` սլաքներն հիմնականում ուղղված էին ադրբեջանական կողմին` հաշվի առնելով տավուշյան վերջին գործողությունների ամբողջ ենթատեքստը։
Պատգամավորի կարծիքով` պետք է հասկանալ, թե իրո՞ք Ադրբեջանը հակված է թուլացնել լարվածությունը և խոսել կառուցողական մեթոդներով։ Նրա համոզմամբ`լայնամասշտաբ էսկալացիայի չգնալն ու բանակցությունների սեղանի մոտ վերադառնալը բխում է Բաքվի շահերից` հաշվի առնելով այն գործընթացները, որոնք տեղի են ունենում հարևան երկրում։
Լավրովը մանրամասներ է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ զրույցից