ՌԱԴԻՈ

Տնտեսական հեղափոխությունը մնացել է օդից կախված. ինչ մանիպուլյացիաների են դիմում մթերողները

Խաղողագործների միության նախագահ Արտակ Սարգսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է խաղողի մթերման աշխատանքներին և այդ գործընթացի վերաբերյալ գյուղական համայնքներում առկա դժգոհություններին։
Sputnik
Տնտեսական հեղափոխությունը մնացել է օդից կախված. ինչ մանիպուլյացիաների են դիմում մթերողները

Խաղողագործների միության նախագահ Արտակ Սարգսյանի տեղեկացմամբ` կան գործարաններ, որոնք ամբողջ տարվա ընթացքում թաքնվել են ստվերում, խաղողագործների հետ պայմանագրեր չեն կնքել, եղածներն էլ չեղարկել են, և հիմա առաջարկում են նոր պայմանագրեր, որոնցում արդեն մթերման գները զգալի ցածր են։

Կարմիր խաղողի պահանջարկը մեծ է, կամ ինչպես հայերը սիրեցին սպիտակ և վարդագույն գինիները

«Խաղողի ինքնարժեքը 110-120 դրամ է` կապված այն հանգամանքից, թե տնտեսություններն ինչ աշխատանքներ են իրականացնում և ինչ տեսակի խաղող են աճեցնում։ Փաստորեն ինքնարժեքից ընդամենը տասը դրամ ավել գին են առաջարկում մթերման համար։ Կան գործարաններ, որոնք կառավարության կողմից 2 տարով տրամադրվող անտոկոս 3 միլիարդ դրամից չեն կարողանում օգտվել, նրանք էլ ունեն բանկերի հետ կապված խնդիրներ ու մեծ վարկային պորտֆելներ»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա։

Սարգսյանի կարծիքով` խնդիրն այն է, որ գյուղացուն կանգնեցրել են փաստի առջև և արդեն իսկ պարզ երևում է, որ նրանք ի սկզբանե զբաղված են մանիպուլյացիաներով, որպեսզի խաղողի գինը գցեն ու գյուղացուն կեղեքեն։   

«Խաղողը 150-160 դրամով չեն մթերում` պատճառաբանելով, որ ունեն տնտեսական խնդիրներ կապված համավարակի ու իրացման հետ։ Եթե 160–ը դառնում է 135 դրամ, խնդիրը վերանու՞մ է։ Ասում են, թե տարաներում տեղավորելու խնդիր ունեն, իսկ եթե էժան գնով խաղող մթերեն, տեղն ավելանալու՞ է։ Նույն խնդիրը, որը միշտ հուզում էր խաղողագործին, մնացել է անլուծելի, տարիներն անցնում են, բայց իրավիճակը չի փոխվում, տնտեսական հեղափոխությունն էլ մնում է օդից կախված»,– նշեց խաղողագործների միության նախագահը։

Կառավարությունը կվճարի ոչ թե կոնյակ ու գինի արտադրողներին, այլ խաղող աճեցնող գյուղացիներին

Սարգսյանի փոխանցմամբ` իրենք Արմավիր փոխմարզպետի հետ հանդիպման ժամանակ առաջարկել են խնդրի լուծման տարբերակներ, որոնցից հիմնականը խաղողի գնի հարցում պետական սուբսիդավորումն է, որպեսզի գյուղացին կարողանա գոնե մի փոքր եկամուտ ստանալ և իր հոգսերը հոգալ։

Հիշեցնենք՝ Արմավիրի մարզի Սարդարապատ, Բամբակաշատ, Այգեվան գյուղերի խաղողագործներն այսօր բողոքի ակցիա էին իրականացնում։ Նրանք բողոքում էին մթերման ցածր գնային քաղաքականության դեմ։