ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik.Կորոնավիրուսի դեմ պայքարում Շվեդիայի ռազմավարությունը՝ մեղմ սահմանափակումների ներդրմամբ, երկարաժամկետ հեռանկարում պետք է օրինակ դառնա այլ երկրների համար: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ` Magic ռադիոկայանին տված հարցազրույցում նման հայտարարություն է արել Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հատուկ դեսպան դոկտոր Դեվիդ Նաբարոն։
Նրա խոսքով` Շվեդիայի իշխանությունները շեշտը դրել էին երկրի քաղաքացիների գիտակցության վրա՝ հրաժարվելով խիստ հակահամաճարակային նորմեր սահմանելուց։
Նաբարոն կարծում է, որ ապագայում մյուս պետությունները ևս պետք է որդեգրեն այդ ռազմավարությունը։
Նշենք, որ Շվեդիայի իշխանությունները խիստ կարանտին չեն սահմանել՝ մարդկանց կոչ անելով պահպանել սոցիալական հեռավորությունը և հնարավորության դեպքում աշխատել հեռահար ռեժիմով։ Դպրոցները, մանկապարտեզներն ու հասարակական սննդի հաստատություններն այս ամբողջ ընթացքում գործել են, սակայն զանգվածային միջոցառումներն արգելված են եղել։
Կորոնավիրուսի թվերն աշխարհում. «հակավարկանիշի» որ հորիզոնականում է Հայաստանը
Համաշխարհային վիճակագրության Worldometer կայքի տվյաներով՝ կորոնավիրուսի տարածման ցուցանիշներով Շվեդիան այս պահին աշխարհում 39-րդ տեղում է։ Սեպտեմբերի 1-ի դրությամբ այդ երկրում COVID-19-ով վարակվել է 84,3 հազար մարդ։ Մահացել է ավելի քան 5,8 հազար վարակակիր։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը հայտարարել է համավարակ։ Կազմակերպությունը բոլոր երկրներին կոչ է արել միանալ վարակի դեմ ակտիվ պայքարին։