ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի — Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը խստորեն դատապարտում է Փարիզում Կոմիտաս Վարդապետի արձանի պղծումը։
«Կոմիտաս Վարդապետի արձանի պղծումը ժխտողականության դրսևորում է։ Մի հուշարձանի, որը նվիրված է Հայոց ցեղասպանության նահատակների, ինչպես նաև Ֆրանսիայի համար զոհված հայերի հիշատակին»,–նշված է ՀՀ ԱԳՆ Facebook սոցցանցի էջում։
Հիշեցնենք, որ երեկ երեկոյան հայտնի դարձավ, որ Փարիզում պղծել են հայ մեծանուն կոմպոզիտոր Կոմիտասի հուշարձանը։ Հայոց ցեղասպանությունը խորհրդանշող Կոմիտասի արձանի վրա գրել էին. «Կեղծիք է»։
Նշենք, որ հայկական հուշարձանների նկատմամբ վանդալիզմի նման աղաղակող դեպքերը հաճախակի են դարձել հայ-ադրբեջանական սահմանին տավուշյան մարտերից հետո։
Հիշեցնենք, որ 1983թ. - ին Փարիզի հայ համայնքը դիմեց քաղաքապետարան ՝ խնդրելով Հայոց ցեղասպանության զոհերի և հայ մեծանուն կոմպոզիտոր Կոմիտաս Վարդապետի հիշատակին նվիրված հուշարձան կառուցել:
Բրոնզով պատրաստված չորսմետրանոց արձանը տեղադրված է 2 մետր բարձրությամբ պատվանդանի վրա։ Հուշարձանի կառուցման աշխատանքները սկսվել են 2002 թվականի հունվարին և ավարտվել 2003 թվականի ապրիլի 22-ին: Հուշարձանի վրա գրված է. «Ի հիշատակ Կոմիտաս վարդապետի և 1915 թվականի Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն զոհերի»:
Մշակութային վանդալիզմ. թուրք երգչուհին երգում է Անիի Մայր տաճարում. տեսանյութ