ԵՐԵՎԱ, 31 օգոստոսի - Sputnik. Հենրիխ Մխիթարյանը մշտական պայմանագիր է կնքել իտալական «Ռոմայի» հետ: Նա այդ մասին գրել է Facebook-ի իր էջում և շնորհակալություն հայտնել «Արսենալին», որից հեռացել է վերջնականապես:
«Ուրախ եմ տեղեկացնել, որ ես մշտական պայմանագիր եմ ստորագրել Giallorossi-ի («Ռոմայի») հետ։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Արսենալին», նրա անձնակազմին և միլիոնավոր երկրպագուներին, որոնք վերջին 1.5 տարվա ընթացքում աջակցել են ինձ»,–գրել է Մխիթարյանը։
Նա հատուկ շնորհակալություն է հայտնել Արսեն Վենգերին` իրեն թիմ բերելու և մշտապես վստահելու համար։
«Այժմ ես պատրաստվում եմ Ա սերիայի երկրորդ մրցաշրջանին և նոր մարտահրավերներին: Ես սիրում եմ Հռոմը, սիրում եմ այս թիմը և հարազատ եմ համարում նրա երկրպագուներին: Ամեն ջանք կգործադրեմ, որպեսզի մենք հասնենք մեր նպատակներին»,–եզրափակել է ֆուտբոլիստը։
«Շնորհակալ եմ». Հենրիխ Մխիթարյանը մարզաշապիկներ է նվիրել վիրավոր զինծառայողներին
Լոնդոնյան ակումբն էլ հայտնում է, որ գործող պայմանագիրը երկկողմանի խզվել է կողմերի համաձայնությամբ։
Հիշեցնենք` Մխիթարյանն «Արսենալ» էր տեղափոխվել 2018 թվականի հունվարին և 4 տարվա պայմանագիր կնքել «զինագործների հետ»։ 2019 թվականի սեպտեմբերին հայտնի դարձավ, որ նա վարձակալության իրավունքով տեղափոխվել է «Ռոմա»։
«Արսենալի» կազմում Մխիթարյանը անցկացրել էր 59 հանդիպում և դարձել 9 գոլի ու 13 գոլային փոխանցման հեղինակ:
«Մինչև ո՞ւր». Ռուբեն Հայրապետյանին զայրացրել է Հենոյի հասցեին հնչած քննադատությունը