Ականազերծվել է 33 143 քմ տարածք. հայ սակրավորների աշխատանքը Սիրիայում

Սիրիայում հայ սակրավորների աշխատանքին զուգահեռ, բժիշկներն էլ բուժօգնություն են ցուցաբերել 1273 տեղաբնակների։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի - Sputnik. Սիրիայի Արաբական Հանրապետությունում Հայաստանի հումանիտար առաքելության 5-րդ խմբի սակրավորներն օգոստոսին ականազերծել են 33 143 քառակուսի մետր ականապատ տարածք: Տեղեկությունը հայտնում է Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ–ի մամուլի ծառայությունը։

Չպայթած արկեր, հակատանկային ականներ. հայ սակրավորների աշխատանքը Սիրիայում. լուսանկարներ

«Առաքելության առաջին իսկ օրվանից ականազերծվել է ընդհանուր 238 230 քառակուսի մետր տարածք: Օգոստոսին հայտնաբերվել է 2 ШОАБ տեսակի կասետային ենթազինամթերք, 13 հատ 120մմ ականանետի չպայթած, 3 հատ 82մմ ականանետի չպայթած արկ, 14 OA-2,5 РTM ավիացիոն ենթազինամթերք, 5 ինքնաշեն պայթուցիկ սարք, 9 հակատանկային TM-62П, 18 ՎՕԳ-17Մ, 7 ДШК-ի չկրակված փամփուշտ, 7 TM-62М , 3 РПГ-7, 1 ПМН-2, 1 TM-57, 1 ЗРП-2, 1 ОЗМ-721, 1 TM-62ПЗ»,–նշված է հաղորդագրության մեջ:

ՊՈԱԿ–ից հայտնում են, որ հումանիտար առաքելության 5-րդ խմբի բժիշկները համաճարակային սահմանափակումների պայմաններում բուժօգնություն են ցուցաբերել 1273 տեղաբնակի: Առաքելության առաջին օրվանից՝ 16 695 հիվանդի:

Կոռնիձորում 3850 քմ տարածք է ականազերծվել, ԲՄՊ–1 է հայտնաբերվել

Օգոստոսի 29-ին մարդասիրական խմբի 5-րդ բժշկական խումբը Հալեպ նահանգի առողջապահության պատասխանատու նախարար դոկտոր Զիադ Աջթահայի և Սիրիայի Հայ Ավետարանական համայնքի ղեկավար, Վերապատվելի Հարություն Սելիմյանի կողմից պրոֆեսիոնալ աշխատանքի համար պարգևատրվել է շնորհակալագրերով:

Մարդասիրական խմբի մշտական տեղակայման վայրում ամեն օր շարունակվում են իրականացվել կորոնավիրուսի համավարակի կանխարգելման և վարակազերծման դեմ ուղղված աշխատանքներ: Չնայած Հալեպում համավարակով պայմանավորված մի շարք սահմանափակումների և դժվարությունների՝ մարդասիրական խումբը շարունակում է իրականացնել իր առաքելությունը:

«Սիրիային շատ է պետք մեր օգնությունը». ինչպես հայ սակրավորը վերադարձրեց պարտքը

Հիշեցնենք՝ 83 մասնագետից բաղկացած Հայաստանի մարդասիրական առաքելությունը 2019 թվականի փետրվարին սկսել է աշխատանքներ իրականացնել Սիրիայում։
Խումբը կազմված է բժիշկներից ու սակրավորներից, նաև անվտանգության ապահովման խմբից։ Հայ մասնագետները կատարում են իրենց առաքելությունը ռուսական զորակազմի պաշտպանության ներքո։