29 ռեկորդ` «Միջազգային բանակային խաղեր-2020»-ում. Հայաստանը 2 մրցանակային տեղ է զբաղեցրել

«Միջազգային բանակային խաղեր-2020»–ի շրջանակում Հայաստանից մեկնած թիմը երրորդ տեղն է զբաղեցրել երկու մրցույթներում` «Անվտանգ միջավայր» և «Իրավապահներ»։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի – Sputnik. «Միջազգային բանակային խաղեր-2020» մրցումների մեկնարկի օրվանից սկսած արդեն 29 համաշխարհային ռեկորդ է սահմանվել։ Տեղեկությունը հայտնել է խաղերի գլխավոր մրցավար գեներալ–մայոր Ալեքսանդր Պերյազևը։

«Միայն մեկ օրվա ընթացքում մեկական ռեկորդ է սահմանվել երեք` «Վարպետ-զինագործ», «Իրավապահ» և «Հավատարիմ ընկեր» մրցույթներում», – ասել է Պերյազևը։

Ինչպես նշել է խաղերի գլխավոր մրցավարը, երեկ ավարտվել են «Իրավապահ» և «Անվտանգ միջավայր» մրցումները։ Երկու մրցույթներում էլ հաղթել է Ռուսաստանի թիմը։ «Իրավապահներ» մրցույթում երկրորդ տեղը զբաղեցրել է Իրանը, երրորդը` Հայաստանը։ «Անվտանգ միջավայր» մրցույթում երկրորդ տեղը կիսել են Չինաստանն ու Բելառուսը, երրորդը՝ Հայաստանն ու Ուզբեկստանը։

Հայաստանը չի մասնակցի «Տանկային բիաթլոնին», բայց․․․ ինչպես կանցնի «Բանակային խաղեր–2020»-ը

«Միջազգային բանակային խաղեր-2020»–ի 30 մրցույթներից 6-ն ավարտվել են։ Դրանց արդյունքներով, ինչպես և ընթացիկ ընդհանուր մրցաշարային աղյուսակում, առաջատար են Ռուսաստանը, Բելառուսն ու Ուզբեկստանը։

Օգոստոսի 30-ին մրցումներ անցկացվեցին 7 մրցույթներում, կայացավ «Ապահով երթուղի», «Ձիամարաթոն » և «Ռազմական ռալլի» մրցույթների փակման հանդիսավոր արարողությունը։

«Տանկային բիաթլոն» մրցույթում ավարտվեց «Անհատական մրցապայքար» փուլը, որի արդյունքներով որոշվեց լավագույն տանկային անձնակազմը։ Ամենաբարդ փուլը կշարունակվի «Դեսանտային դասակ» մրցույթում։

«Միջազգային բանակային խաղեր-2020»–ի գլխավոր մրցավար գեներալ–մայոր Պերյազևն իր ելույթի վերջում անդրադարձավ 6 մրցույթներում ներկայացված Լաոսի թիմի հաջող ելույթին։ Վերջերս «Տանկային բիաթլոնի» ժամանակ Լաոսի զորախումբը գերազանցեց անցած տարվա սեփական ռեկորդը։ Լաոսցիները լավ արդյունք են ցուցադրում նաև «Վարպետ-զինագործ», «Ինժեներական բանաձև» և «Անվտանգ միջավայր» մրցույթներում։

Հայկական թիմի ելույթը «Ալաբինո» զորավարժարանում. «Տանկային բիաթլոնը» շարունակվում է