ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի — Sputnik. Էջմիածնի Մայր տաճարի, Զվարթնոց համալիրի հարակից տարածքների, զբոսավայրերի դիտարկումների ընթացքում նկատվել են դիմակը ոչ ճիշտ կրելու, սոցիալական հեռավորություն չպահպանելու դեպքեր: Տեսուչները իրականացրել են իրազեկման աշխատանքներ, տրամադրել դիմակներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի մամուլի ծառայությունը։
«Դիմակ չկրող անձանց նկատմամբ ոստիկանները կազմել են վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ»,–նշված է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ նոր կորոնավիրուսի հետագա տարածումը կանխելու նպատակով ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի և ՀՀ ոստիկանության աշխատանքային խմբերի կիրակնօրյա շրջայցերը եղել են ՀՀ Արմավիրի մարզում:
Պարետատան կողմից սահմանված հակահամաճարակային անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողակա միջոցառումները ԲԸՏՄ-ն շարունակում է իրականացնել ամբողջ հանրապետությունում։
Հիշեցնենք` մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն է, որն արդեն մի քանի անգամ երկարաձգվել է։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների են ենթարկվել։ Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվել են, բայց սահմանվել են պարտադիր պահանջներ։
Մայիսի 18–ից Հայաստանում աշխատում է նաև հասարակական տրանսպորտը, բայց ուղևորներն ու վարորդները պետք է անպայման պաշտպանիչ դիմակով ու ձեռնոցով լինեն։
Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը նույնպես պարտադիր է։ Դիմակ կարող են չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները (վերջինները պետք է իրենց մոտ ունենան համապատասխան հիվանդության փաստը հաստատող բժշկական փաստաթուղթ)։
Նախարարությունն արդեն 9 մլրդ դրամից ավելի գումար է ծախսել «կորոնավիրուսի վրա». մանրամասներ
Օգոստոսի 12-ին ՀՀ կառավարությունը որոշեց արտակարգ դրության ռեժիմը երկարացնել մինչև սեպտեմբերի 11-ը: Օգոստոսի 13-ից կարելի է դիմակ չդնել նաև անձնական մեքենաներում և բնության գրկում։