Թայվանում օդապարուկը երեք տարեկան երեխային երկինք է բարձրացրել. տեսանյութ

Թայվանի հյուսիս-արևմուտքում Սինչժու փառատոնի ժամանակ 3-ամյա աղջիկը հրաշքով է ողջ մնացել օդապարուկ օդ բաց թողնելիս։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի – Sputnik. Թայվանում օդապարուկների փառատոնի ժամանակ հսկայական նարնջագույն օդապարուկը երկինք է բարձրացրել 3 տարեկան աղջնակին, որը խճճվել է պարանների մեջ։ Լուրը հաղորդում է Associated Press-ը։

Ծնողները չեն նկատել, թե ինչպես է աղջիկը բռնել «օձի» պարանից։ Փոքրիկը օդապարուկից կախված բարձրացել է մոտ 10 մետր։

Մի քանի վայրկյան երեխան ճոճվել է օդում կատարվածից ցնցված ամբոխի աչքի առաջ, ապա գետնին ընկել։ Ծնողները պատմել են, որ փոքրիկը շոկի մեջ է եղել, բայց, բարեբախտաբար, մարմնական վնասվածքներ չի ստացել։ Միջադեպի պատճառով փառատոնն ընդհատվել է։

Ի դեպ, տարիներ առաջ նմանատիպ դեպք էր տեղի ունեցել Վիետնամում օդապարուկների փառատոնի ժամանակ։ Օդապարուկի պարանը փաթաթվել էր 4-ամյա տղայի ոտքերին, նրան երկինք բարձրացրել։ Ցավոք, այդ անգամ պատմության վերջաբանը բարի չէր. մոտ 20 մետր բարձրությունից տղան ընկել էր ու մահացել։