Աշխարհազորի ստեղծումը լայնամասշտաբ պատերազմի պատրաստվելու համա՞ր է. Տոնոյանի պատասխանը

Հայաստանի շուրջ առկա ռիսկերի, ինչպես նաև հարևան երկրների հայտարարությունների պարագայում, միայն ՀՀ գործող զինված ուժերի ռեսուրսները կարող են բավարար չլինել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik. Աշխարհազորի ստեղծման նպատակը հասարակությանը պատրաստելն է ռազմական բնույթի մարտահրավերներին և սպառնալիքներին արձագանքելուն: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը` պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Հայաստանը լայնամասշտաբ պատերազմի է պատրաստվում աշխարհազոր ստեղծելով։

Կարևորը` նա առողջ ու անվտանգ լինի. Դավիթ Տոնոյանը խոսել է Ադրբեջանում հայտնված սպայի մասին

«Աշխարհազորի ստեղծումը որևէ ձևաչափով լայնամասշտաբ պատերազմի պատրաստվելու համար չէ»,–ասաց Տոնոյանը։

Նրա խոսքով` Հայաստանի շուրջ առկա ռիսկերի, ինչպես նաև հարևան երկրների հայտարարությունների պարագայում, միայն ՀՀ գործող զինված ուժերի ռեսուրսները կարող են բավարար չլինել:

Անդրադառնալով սահմանին տիրող իրավիճակին` նախարարը նշեց, որ իրավիճակը կայուն է և կանխատեսելի։

Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել օրենքի նախագծեր, որոնց համաձայն սահմանվում են Երևան քաղաքում աշխարհազորի ստեղծման և ղեկավարման, աշխարհազորայինների հավաքագրման հետ կապված հարաբերությունները:

Երևանում աշխարհազոր կստեղծվի. ՊՆ–ն հանրային քննարկման է ներկայացրել օրենքի նախագծերը

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը յուրաքանչյուր քաղաքացու մասնակցությունն օգտագործվում է ոչ լրիվ ծավալով, այն չունի համակարգված, կազմակերպված ու նպատակաուղղված բնույթ, առավել ևս Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ ռազմական գործողությունների պայմաններում:

Միջանկյալ լուծում. ինչու է հենց հիմա որոշվել աշխարհազոր ստեղծել

Հավանական հակառակորդի ռազմական գործողությունների ուսումնասիրումը ցույց է տալիս, որ ռազմական գործողությունների ծանրության կենտրոնը կարող է տեղափոխվել երկրի տարածքի խորքը՝ դիվերսիոն կամ ահաբեկչական կամ հետախուզական կամ հատուկ օպերացիաների ուժերի և այլ գործողությունների, ինչպես նաև հակառակորդի զինված ուժերի ներթափանցած խմբերի լայնորեն կիրառմամբ:

Դրանց դիմակայելու, չեզոքացնելու և ոչնչացնելու նպատակով անհրաժեշտ է ստեղծել միասնական ղեկավարության ներքո գործող ուժերի և միջոցների համախումբ՝ աշխարհազոր, որը պատերազմի ժամանակ ի զորու կլինի հակառակորդի հավանական գործողություններից հուսալիորեն պաշտպանել երկրի տարածքը, բնակչությունը, կարևորագույն օբյեկտներն ու ենթակառուցվածքները:

Սպառնալիքները մեծացել են, բայց մեր դիրքը շահեկան է. ինչպես պետք է դրանից օգտվի Հայաստանը