ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik. Հայաստանում կորոնավիրուսի համավարակն այդքան էլ թեթև չի ընթանում, սակայն կան վայրեր, որտեղ վարակի առջև վստահելի արգելք է դրվել․ COVID-19-ը շրջանցում է զորամասերը։ Վարակին նման կարգապահություն է սովորեցրել ՀՀ զինված ուժերի հրամանատարությունը, որը գրագետ կերպով է կազմակերպել կարանտինը, ու ռուս մասնագետները՝ զինվորական բժիշկներն ու քիմիկոսները։ Նրանք կարճաժամկետ գործուղմամբ Հայաստան էին եկել, բայց արդյունքում ընտանիքներից հեռու անցկացրին հինգ ամիս։
Երկու երկրների պաշտպանության նախարարությունների պայմանավորվածությամբ Հայաստան էր ժամանել Ռուսաստանի պաշտպանության նախարարության ռադիացիոն, քիմիական ու կենսաբանական պաշտպանության համահավաք ջոկատը։
Ռուս բժիշկներն ու քիմիկոսները ուսումնասիրում էին ռուս և հայ զինծառայողների կորոնավիրուսի թեստերը։ Թեստերը հատկապես շատ էին առաջին երկու ամիսների ընթացքում, երբ ռիսկն ու անորոշությունը մեծ էին։ Այդ ժամանակ բժիշկներն առավոտվանից մինչև գիշեր աշխատում էին։
Բժիշկների համար կան նորմատիվներ՝ առանց դադարի աշխատելու առավելագույն ժամանակը։ Բայց առաջին ամիսների ընթացքում նրանք ստիպված էին մոռանալ այդ նորմատիվների մասին. մարդկանց առողջությունն է իրենց գլխավոր նորմատիվը։
Ամռանն աշխատանքի ժամանակացույցը մի փոքր թեթևացավ, մի քիչ ավելի շատ ազատ ժամանակ հայտնվեց։ Այդ ժամանակ, ցավոք, խաշի սեզոնն արդեն փակվել էր։ Փոխարենը հայտնվել էին միրգն ու բանջարեղենը, ու խոհանոցը, որը միշտ չէ նման ռուսականին, բայց տղաների խոսքով` համեղ ու հետաքրքիր է։
Մի հարցում միայն բժիշկները պահպանողական գտնվեցին լավ իմաստով․ նրանց չհաջողվեց «սովորեցնել» թեյի փոխարեն խմել սուրճ, որը Հայաստանում գրեթե բոլորն են խմում։ Թեյախմություններն անցկացնում էին ինչպես տանը։
Ամռանը հյուրերին հասցրին մի փոքր ցույց տալ Հայաստանը՝ Սևանն ու Դիլիջանը, Գառնին ու Գեղարդը։ Տաթի վանք էլ են գնացել։
«Մեզ ասում էին, որ Դիլիջանի մոտ ռուսական գյուղեր կան՝ Լերմոնտովո ու Ֆիոլետովո։ Ափսոս, չհասցրինք տեսնել», - ասում են տղաները։
Թեստավորում են անցել բազմաթիվ զինծառայողներ. ինչպես է աշխատում ռուսական լաբորատորիան
Մինչև հունիս բժիշկներն աշխատել են գրեթե առանց հանգստյան օրերի, նույնիսկ Ռուսաստանի օրը՝ հունիսի 12-ը, լաբորատորիայում են անցկացրել՝ զինվորների ու սպաների նոր թեստերը ստուգելու համար։ բայց Զատկին ու մայիսի 9-ին հրաման ստացան հանգստանալ ու վերականգնել ուժերը։
Զատկին բժիշկներն այցելեցին Երևանի Սուրբ Աստվածածին ռուս ուղղափառ եկեղեցի։ Իսկ մայիսի 9-ին տոնում էին բոլորիս համար ընդհանուր տոնը։
«Այս ընթացքում մեր ռուս գործընկերները կարողացան մեզ փոխանցել իրենց գործնական փորձը։ Իհարկե, տեսականորեն մեր լաբորատոր բժիշկները գիտեն անհրաժեշտ ամեն բան, բայց գործնականում կան բազում մանրուքներ, որոնք պետք է իմանալ՝ սկսած այն բանից, թե ինչպես է պետք բռնել նմուշի սրվակը՝ շրջակա տարածքը չվարակելու համար», - նշում է ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության հիգիենիկ և համաճարակային անվտանգության ծառայության պետ, բժշկական ծառայության փոխգնդապետ Արմեն Սատուրյանը։
Նույնիսկ նա, լինելով փորձառու սպա, միայն գերադրական աստիճանով է խոսում ռուս բժիշկների անձնվիրության մասին։
«Եթե պետք էր մի ժամ ավել աշխատել, աշխատում էին, երկու ժամ էր պետք, երկու ժամ էին աշխատում։ Մինչև գործը չէր ավարտվում, չէին գնում։ Նաև իրենց աշխատանքի շնորհիվ է, որ մեր Զինված ուժերում կորոնավիրուսային վարակի բռնկումներ չեղան», - ընդգծեց նա։
Այսօր՝ օգոստոսի 28-ին, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունեց ռուս մասնագետներին ու շնորհակալություն հայտնեց Հայաստանում կատարած առաքելության համար։
Տեղացիների հետ շփման մեջ հյուրերը երբեք դժվարությունների կամ միմյանց չհասկանալու խնդրի չեն բախվել։ Հայաստանում գրեթե բոլորը կա՛մ լավ, կա՛մ շատ լավ են ռուսերեն խոսում։ Սակայն հարցը միայն դրանում չէ։ Բժիշկներից մեկ մի դեպք է պատմում։
Ինչպես է Հայաստանում աշխատում ռուսական լաբորատորիան. լուսանկարներ
«Մի անգամ զբոսնում եմ քաղաքում ու մի պահ կանգ եմ առնում։ Ինձ մի տարեց մարդ է մոտենում ու հարցնում․ «Կարո՞ղ է մոլորվել եք, Ձեզ ու՞ր տանեմ»։ Ասացի՝ ուր եմ գնում, ու նա սկզբում բացատրեց, հետո ցույց տվեց՝ ինչպես գնամ։ Հետո իր հեռախոսահամարը տվեց ու ասում է. «Զանգեք, եթե մի բան պետք լինի»։ Ու մեզ շատերն այստեղ նման ջերմությամբ վերաբերվեցին», - ասաց նա։
Բժիշկներն էլ իրենց հերթին Հայաստանին ինչպես կարողացան, օգնեցին։ Այժմ կորոնավիրուսը, ինչպես ասացինք, զգուշորեն շրջանցում է բանակը։