«Օշականցի Գևորիկը» կալանավորվել է. ԱԱԾ–ն մանրամասներ է հայտնում

«Օրենքով գող» Գևորգ Մելիքյանը մեկին սպառնացել է բռնություն գործադրել, եթե իրեն դիմած անձի ուզածը չանեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik. ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ կալանավորվել է Գևորգ Մելիքյանը` «Օշականցի Գևորիկը»։

«Oրենքով գողերի» դեմ 2 գործողություն` մեկ օրում. «Զապը» կալանավորվել է

«Ձեռք են բերվել բավարար ապացույցների համակցություն, որ «Օշականցի Գևորիկն» իր տանը շինարարություն անող Գ. Ի.-ի և վերջինիս մորեղբոր տղայի Ա. Ի.-ի միջոցով իրեն դիմած Ա.Պ.-ի օգտին մասնավոր հարցին առնչվող դեպքով 2020թ. մայիսի 17-ից սկսած զանգահարել է ոմն Ս. Ս.-ին և անօրինական ազդեցությունն օգտագործելով ու սպառնալիքի միջոցով պահանջել հանդիպել իրեն»,–նշված է ԱԱԾ հաղորդագրության մեջ։

Հարցն այն է, որ Ս. Ս.-ն՝ գրավադրված ոսկու դիմաց պարտք մնացած և ձկան վաճառքից գոյացած գումարները չի վճարել Ա.Պ.-ին։

Ս.Ս.-ն տարբեր պատճառաբանություններով հանդիպումը հետաձգել է, իսկ «Օշականցի Գևորիկը» սպառնացել է, որ բռնությունից խուսափելու համար պետք է համաձայնության գա պարտատիրոջ՝ Ա. Պ.-ի առաջարկի հետ: Դրանից հետո Ա. Պ.-ն, օգտվելով «Օշականցի Գևորիկի» հովանավորչությունից, Ս. Ս.-ից որպես նյութական օգուտ պահանջել է 4800 ԱՄՆ դոլար, 1.5 մլն դրամ և նրան պատկանող Արմավիրում գտնվող ձկնաբուծական լճերի ափամերձ հատվածի հողատարածքի սեփականության վկայականը:

Նկարագրված արարքը կատարելու համար «Օշականցի Գևորիկը» ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 223.1-րդ հոդվածի 1-ին մասով (հանցավոր համագործակցություն ստեղծելը կամ հանցավոր համագործակցությանը մասնակցելը)։

Հայազգի «օրենքով գող» Արթուր Մոլոդոյը կկանգնի դատարանի առաջ

Նույն գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել ևս երկու անձի` քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելու համար։ Նրանցից մեկի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին, իսկ մյուսի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան:

Նախաքննությունը շարունակվում է։

Որքա՞ն գումարի համար են խառնվել «օրենքով գողն» ու «զոն նայողը». ձերբակալության հետքերով