Երևան, 27 օգոստոսի– Sputnik. ՀՀ կառավարությունն այսօր` օգոստոսի 27–ին կայացած նիստում հավանություն տվեց Եվրասիական տնտեսական միության ապրանքային նշանների, սպասարկման նշանների և ապրանքների ծագման տեղանունների մասին համաձայնագրի վավերացմանը։
Փաստաթուղթը ստորագրվել է 2020 թվականի փետրվարի 3-ին Մոսկվայում։ Կառավարությունը փաստաթուղթն ուղարկել է Սահմանադրական դատարան՝ հիմնական օրենքին համապատասխանեցնելու համար։ Դրական եզրակացության դեպքում համաձայնագիրը կքննարկվի խորհրդարանում։
Պայմանագիրը կկարգավորի ԵԱՏՄ-ում ապրանքային նշանների և ապրանքների ծագման տեղանունների իրավական պահպանության և օգտագործման հետ կապված հարաբերությունները: Միության ապրանքային նշանների և ապրանքների ծագման տեղանունների օգտագործման իրավական պահպանությունը կգործի ԵԱՏՄ ամբողջ տարածքում:
Մաքսային կազուս ԵԱՏՄ-ում․ ինչպես Հայաստանից տարված մեքենաներն ապօրինի դարձան ՌԴ–ում
Փաստաթղթի համաձայն՝ ապրանքային նշանի կամ ապրանքի ծագման տեղանվան գրանցման հայտ կարելի է ներկայացնել ազգային արտոնագրային գերատեսչություններից որեւէ մեկում։ Անհրաժեշտ ընթացակարգերի ավարտից հետո անվանումն իրավաբանորեն պահպանվում է միության անդամ պետություններից յուրաքանչյուրի տարածքում։
Եվրասիական տնտեսական միությունը ստեղծվել է 2015 թվականին։ Այսօր դրա մեջ մտնում են հինգ երկրներ՝ Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Ռուսաստանը։
Փաշինյանն ասաց` որն է ԵԱՏՄ-ում գազի միասնական շուկայի կարևորագույն խնդիրը