«Ոնց որ միաժամանակ հազար աթոռ շուռ տային». ինչ են զգացել փլուզված շենքի փոքրերն ու մեծերը

Փրկարարները շենքի փլատակներից տղամարդու մարմին են դուրս բերել։ Եվս երկու բնակիչ տեղափոխվել են հիվանդանոց։ Քննիչներն արդեն քրեական գործ են հարուցել։ Նախնական եզրակացությամբ՝ պայթյունի պատճառը գազի արտահոսքն է։
Sputnik

Ժաննա Պողոսյան, Sputnik Արմենիա

Այնպես էր ցնցվում, ասես երկրաշարժի էպիկենտրոնում լինեինք։ Այսպես են ականատեսները նկարագրում Յան Ռայնիսի փողոցում գտնվող 4 հարկանի շենքի փլուզումը։ Դեպքը տեղի ունեցել այսօր` օգոստոսի 26-ին, առավոտյանը ժամը 7-ին, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում։

Պայթյուն Ռայնիսի փողոցում․ վարչապետն ու արտակարգ իրավիճակների նախարարը դեպքի վայրում են

Նախնական վարկածով` պայթյունը տեղի է ունեցել երկրորդ հարկի բնակարաններից մեկի խոհանոցում։ Կա մեկ զոհ։ Շուրջ 6 ժամ տևած որոնումներից հետո փրկարարները փլվածքի տակից դուրս են բերել 58-ամյա Արթուր Ղազարյանի մարմինը։ Եվս երկու բնակիչ` 71-ամյա Սվետլանա Սահակյանը և 41-ամյա Էդգար Մարգարյանը, տեղափոխվել են հիվանդանոց։ Մարգարյանի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։

Ահազանգը ստանալուց անմիջապես հետո, առավոտյան ժամը 7-ի սահմաններում, դեպքի վայր են ուղևորվել հրշեջ-փրկարարների և շտապ օգնության յոթ բրիգադ։ Նախքան նրանց տեղ հասնելը բնակիչներն արդեն սկսել էին լքել շենքը և օգնել հարևաններին։ Շենքի բնակիչները սարսափելի պատմություն են պատմում։

«Մի քանի տղա տատիկին դուրս էին հանում փլատակների տակից։ Նրա գիտակցությունը տեղն էր, բայց ուսերն ու ձեռքերը արյունոտ էին։ Նրան տեղափոխեցին մեր բակ և պառկեցրին գետնին։ Քիչ հետո հասավ շտապօգնությունն ու նրան տարան»,-պատմում է հարևան տան բնակչուհին։

Հարևանները պարբերաբար մոտենում էին լրագրողներին, հարցնում` ինչպե՞ս է տիկին Սվետան, ինչպե՞ս է Սվետա տատը։ 71-ամա Սվետլանա Սահակյանի փրկության ականատեսներին այնքան էր վախեցրել նրա արնաշաղախ տեսքը, որ վատթարագույնն էին ենթադրում։ 

Երևանում պայթյունից մասնակի փլուզված շենքի փլատակներում մարդիկ կան. տեսանյութ

Սակայն բժիշկները կնոջ վիճակը գնահատում են միջին ծանրության։ Հերացու անվան № 1 համալսարանական հիվանդանոցի գլխավոր բժիշկ Արեն Բաբլումյանը լրագրողներին պատմեց, որ նրան վիրահատության են պատրաստում։

«Քթի կոտրվածք ունի, դեմքին` ճաքեր և քերծվածքներ։ Վիճակը վերահսկելի է և կայուն»,-հուսադրեց բժիշկը։

Հենց հարևան տղամարդկանց շնորհիվ է (որոնք փրկարարներին չսպասելով, ինքնուրույն հանել էին Սահակյանին փլատակներից), որ տարեց կինը մի քանի շաբաթ անց կկարողանա դուրս գրվել հիվանդանոցից։ Տղամարդը՝ 41-ամյա Էդգար Մարգարյանը, գրեթե կես ժամ մնացել էր փլատակների տակ։ Նրա վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։ Էդգարին դուրս են բերել փրկարարաները։

«Տղամարդը 2-3-րդ աստիճանի այրվածքներով հոսպիտալացված է, նրան միացված է արհեստական շնչառության սարք։ Պայթյունի արդյունքում գոտկատեղային հատվածում օտար մարմին էր հայտնվել, բժիշկներն այն հեռացրել են։ Վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, նա վերակենդանացման բաժանմունքում է»,-ասացին Հերացու անվան հիվանդանոցում։

Դեպի շենք տանող ճանապարհը գրեթե ամբողջովին փակված է հատուկ տեխնիկայով։ Դեպքի վայրը շրջափակված է ժապավեններով, անցորդները ստիպված են փլուզված շենքը և հատուկ ծառայությունների մեքենաները շրջանցել փողոցի երթևեկելի մասով։

Երևանում շենքի պայթյունից տուժած քաղաքացիներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ խոսնակ

Հարևանուհիներից մեկը փառք է տալիս Աստծուն, որ տուժածներն ավելի շատ չեն։

«Աստված ողորմած է մեր հանդեպ էլ, հարևանների հանդեպ էլ։ Իհարկե, տեղի ունեցածն ահավոր է, մարդիկ ամեն ինչից զրկվեցին, բայց դուք պատկերացնո՞ւմ եք՝ առավոտյան 7-ն էր, ընտանիքներ, երեխաներ, բոլորը քնած էին․․․ Մենք մեծ ողբերգությունից ենք խուսափել»,-ասում է նա։

Բանն այն է, որ պայթել է շենքի այն հատվածը, որտեղ գտնվում էին պատշգամբներն ու խոհանոցները։ Դրա շնորհիվ հաջողվել է խուսափել մեծ կորուստներից։ Ընդհանուր առմամբ տուժել է մեկ մուտքի 12 բնակարան։

Փլուզված շենքի բնակիչը սպառնացել էր հաշվեհարդար տեսնել հարևանների հետ. ուշագրավ նորություն

Պայթած շենքի բնակիչներից գրեթե ոչ ոք տեղում չէր, բոլորին տեղափոխել են անվտանգ վայր։ Շենքում բնակվող մի երիտասարդ կնոջ ծնողները պատմեցին, որ իրենց դուստրը՝ ամուսնու և երեխաների հետ միասին, առավոտից իրենց տանն է։

«Երեխաները վախեցած էին, փոքրը պատմում էր՝ ոնց որ միաժամանակ հազար աթոռ շուռ տային։ Նայեք, ա՜յ այն բաց պատուհանը մեր դստեր բնակարանինն է»,-պատմում է կինը։

Պատուհանի տակ, և ոչ միայն այս պատուհանի, պարաններին չորանում է սպիտակեղենը։ Օդանցք-պատուհանները բաց են. երևում է, որ մարդիկ հապճեպ են հավաքվել։

Պայթյունից տուժած բնակիչները կապահովվեն ժամանակավոր կացարաններով. Երևանի քաղաքապետ

«Գրկած դուրս էին հանում կիսաքնած երեխաներին և հնարավորինս հեռու էին փախչում։ Մտածում էին` երկրաշարժ է, վախենում էին երկրորդ ցնցումից»,-պատմում է ականատեսներից մեկը։

«Երբ շտապօգությունն Էդոյին տարավ, հանգիստ շունչ քաշեցինք․ կարծես թե բոլորը փախել էին, բոլորին տարել էին։ Հետո իմացանք, որ Արթուրն է մնացել փլատակների տակ։ Նա մենակ էր ապրում։ Կրտսեր քույրը՝ Սուսաննան, հիմա Թուրքիայում է»,-պատմում է մյուս հարևանը։

Ցավոք, 58-ամյա Արթուր Ղազարյանին հայտնաբերեցին արդեն մահացած։ Փրկարարները նրա մարմինը դուրս բերեցին շուրջ 6 ժամ տևած որոնումներից հետո։

Ինչո՞ւ չի աշխատել գազի ազդանշանային սարքը․ «Էյ-Ի-Ջի Սերվիսի» գլխավոր տնօրենի պարզաբանումը

Պրոֆեսիոնալները ոչ մեծ ջոկատներով մտնում էին շենք, մարդկանց էին փնտրում։ Այնուհետև տեղ հասան կինոլոգները։ Շներն օգնում էին որոնողական աշխատանքներին։ Աշխատում էին առանց ընդմիջման, միայն կարճ դադարներով։ Մի քանի անգամ փրկարարները լռության րոպեներ հայտարարեցին, որպեսզի փլատակների տակից հնչող ոչ մի ձայն բաց չթողնեն։

Պայթյուն և փլատակներ. Երևանի Ռայնիսի փողոցը դեպքից հետո. լուսանկարներ

Զանգեցին Ղազարյանի հեռախոսին, որպեսզի հասկանան, թե որտեղ կարող է գտնվել, բայց պարզվեց, որ հեռախոսը բավական հեռու է։ Սկզբում դա գտան, իսկ հետո արդեն` տիրոջ մարմինը։ Ամենայն հավանականությամբ, պայթյունի պահին տղամարդը պատշգամբում քնած է եղել։ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի խոսքով՝ նրան անհնար էր փրկել։ Մարմինը դուրս բերելուց հետո փլատակներին մոտեցավ հատուկ տեխնիկան և սկսեց մաքրել տարածքը։

Քննիչներն արդեն շենքի փլուզման փաստի հիման վրա ստուգումներ են սկսել։ Դրանց արդյունքում պարզ կդառնա, թե որքանով են պահպանվել անվտանգության բոլոր կանոնները։ Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 279–րդ հոդվածի մի քանի մասերով (Անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը, որոնք անզգուշաբար վնաս են հասցրել երկու կամ ավելի անձանց առողջությանը կամ անզգուշությամբ հանգեցրել մարդու մահվան)։

Փրկարարները դուրս բերեցին Երևանում պայթած շենքի փլատակների տակ մնացած բնակչի դիակը

Նույնատիպ քրեական գործ էր հարուցվել 2019թ․-ի դեկտեմբերին Ալավերդի քաղաքի բնակարաններից մեկում ամբողջ ընտանիքի գազով թունավորման և մահվան կապակցությամբ։