Մերձբալթյան երկրներում ՀՀ դեսպանն ասել է` երբ կմեկնարկեն Ռիգա-Երևան կանոնավոր չվերթերը

Լատվիական Neatkarīgā պարբերականի հետ հարցազրույցում Տիգրան Մկրտչյանը խոսել է նաև դիվանագիտական հարաբերությունների ու Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի հետ համատեղ իրականացվելիք մշակութային ծրագրերի մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի - Sputnik. Ռիգա-Երևան կանոնավոր չվերթերը կմեկնարկեն 2021թ.-ի մայիսից։ Լատվիական Neatkarīgā պարբերականի հետ հարցազրույցում լուրը հայտնել է Լատվիայում, Լիտվայում և Էստոնիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը։

Զոհրաբ Մնացականյանի այցը Ռիգա. Հայաստանը և Լատվիան «ընտանիքներով ընկերություն» կանեն

«Դժբախտաբար, Covid-19-ի հետևանքով ստեղծված ճգնաժամը խանգարեց Լատվիայի և Հայաստանի հարաբերությունների հետագա զարգացմանը: Ռիգա-Երևան-Ռիգա կանոնավոր ուղիղ չվերթերը մայիսին պետք է վերսկսվեին նախապատրաստման երկար փուլից հետո, բայց արդեն փետրվարին պարզ էր, որ դա հնարավոր չի լինի: Հուսով ենք, որ թռիչքները կվերսկսվեն գալիք տարում: Մարտ ամսին պետք է բացվեր Վիլնյուս-Երևան ուղիղ չվերթը, բայց նորից ծրագրերը հետաձգվեցին: Մի քանի օր առաջ ես զրուցել եմ «Էյր Բալթիկ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վոլֆգանգ Ռոյսի հետ և նա ինձ ասաց, որ Air Baltic-ը նախատեսում է վերսկսել թռիչքները դեպի Երևան շաբաթական երկու անգամ հաճախականությամբ` սկսած 2021 թվականի մայիսի 2-ից»,- ասել է դեսպանը։

Ի դեպ, դեսպանի հետ հարցազրույցի առիթը Հայաստանի և Լատվիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 28-ամյակն է: Լատվիան ճանաչել է Հայաստանի անկախությունը 1992թ. հունվարի 8-ին, իսկ 1992թ. օգոստոսի 22-ին Լատվիայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերություններ են հաստատվել:

Պարբերականի հետ զրույցում դեսպանը պատմել է նաև Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի հետ համատեղ իրականացվելիք մշակութային ծրագրերի մասին։

Լիտվացի բժիշկներն ու 1,5 տոննա բեռն արդեն Հայաստանում են

Մասնավորապես, սեպտեմբերի 21-ին Լատվիայում նախատեսվում է նշել Հայաստանի Անկախության օրը և Հայաստանի անկախության հռչակագրի 30-ամյակը:

Դեսպանի տեղեկացմամբ՝ Լատվիա է հրավիրվել «Ախթամար քառյակ» համույթը։ Հաջորդ տարի գարնանը ծրագրվում է կազմակերպել աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանի և նրա քրոջ՝ դաշնակահարուհի Լուսինե Խաչատրյանի կամերային երաժշտության համերգը:

Մեկ օրով կուզեի Հայաստան դառնայինք. Լատվիայի Սեյմի նախկին խոսնակ

Այս տարի նախատեսվում է կազմակերպել Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» վեպի լատիշերեն թարգմանության շնորհանդեսը։ Գիրքը վերջերս է լույս տեսել Յանիս Ռոզե հրատարակչության կողմից:

Դեսպան Մկրտչյանը հիշեցրել է նաև նախորդ տարվա հայ-լատվիական մշակութային ակտիվ համագործակցության մասին, մասնավորապես, Լատվիայի ռադիոյի երգչախումբը ձայնագրեց Կոմիտասի «Պատարագը»։

Նա նաև հիշեցրել է, որ վերջերս Բալթյան տարածաշրջանում հիմնադրվել է Հայ առաքելական եկեղեցու նոր թեմ, որի կենտրոնը Ռիգայում է:

Լիտվայի առաջին տիկինը նվերներ է ուղարկել կորոնավիրուսով վարակված հայ երեխաներին

Օգտվելով առիթից, Տիգրան Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել Լիտվային և Էստոնիային՝ կորոնավիրուսի դեմ պայքարում Հայաստանին ցուցաբերված օգնության համար։ Լիտվան մեծ թվով բժշկական դիմակներ, դեղամիջոցներ, ինչպես նաև մի խումբ բուժանձնակազմ ուղարկեց Հայաստան, իսկ Էստոնիան օգնեց կորոնավիրուսով վարակված հայ երեխաներին:

Հարցազրույցի վերջում դեսպանը հրավիրել է բոլորին Հայաստան՝ մի գավաթ կարմիր գինի կամ կոնյակ վայելելու։ Նա խորհուրդ է տվել Հայաստան ժամանող զբոսաշրջիկներին անպայման շրջել Երևանում, այցելել Սևանա լիճ, տեսնել Էջմիածինը, լինել Խոր Վիրապի և Տաթևի վանքերում։