Անչափահաս թոռներին ծեծած 57-ամյա խաշթառակցուն և նրա դստերը մեղադրանք է առաջադրվել․ ՔԿ

Ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ Խաշթառակ համայնքի 57-ամյա բնակիչն իր հանգիստը խանգարելու համար պարբերաբար ծեծել է թոռներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի – Sputnik. Խաշթառակ համայնքի 57-ամյա բնակչին և նրա դստերը մեղադրանք է առաջադրվել անչափահաս երեխաներին ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու համար։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ քննչական կոմիտեին մամուլի ծառայությունից։

«Նա հրեշ չէ, այլ սիրող հայր»․ Խաշթառակ գյուղի ընտանեկան դրամայի մանրամասները

«Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 57-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի (ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը) 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, վերջինս կալանավորվել է: Նրա 28-ամյա դստերը մեղադրանք է առաջադրվել ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու հոդվածով։ Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ վերջինիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որը չի բավարարվել»,-նշված է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտնել էր որ Խաշթառակ համայնքի 57-ամյա բնակիչն իր հանգիստը խանգարելու համար  ձեռքերով, ոտքերով և փայտով բազմաթիվ հարվածներ է հասցրել 2014թ. ծնված անչափահաս թոռան մարմնի տարբեր մասերին, որի հետևանքով 6-ամյա երեխան վայր է ընկել, գլխով հարվածել է բազմոցի ոտնակին, ստացել կյանքի համար վտանգավոր բազմաթիվ մարմնական վնասվածքներ և անգիտակից վիճակում տեղափոխվել «Արաբկիր» բժշկական կենտրոն:

12 հոգանոց տուն, դատական գործեր. ինչ է հայտնի Տավուշում ծեծված երեխաների ընտանիքից

Բացի այդ, 2020թ. օգոստոսի 14-ին, 16-ին և դեռևս քննությամբ չպարզված ժամանակահատվածում 57-ամյա տղամարդը նույն պատրվակով պարբերաբար դիտավորությամբ ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել իր 2 անչափահաս թոռների մարմնի տարբեր մասերին՝ վերջիններիս պատճառելով ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք:

Խաշթառակի 28-ամյա բնակչուհին ևս ձերբակալվել է իր և եղբոր երեխաներին ծեծելու համար

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ վերջինիս 28-ամյա դուստրը նույնպես պարբերաբար փայտով և այլ առարկաներով բազմաթիվ հարվածներ է հասցրել իր 5 անչափահաս երեխաների, ինչպես նաև համատեղ բնակվող եղբոր 2 անչափահաս որդիների մարմնի տարբեր մասերին՝ վերջիններիս պատճառելով ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք:

Նախաքննությունը շարունակվում է։

Հիշեցնենք`օգոստոսի 18–ին ոստիկանությունն Իջևանի ԲԿ–ից հաղորդում է ստացել, որ վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 2014-ին ծնված մի տղա։

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ պապիկը ձեռքին եղած փայտով հարվածել է 2016-ին և 2014-ին ծնված երեխաներին։ Դեպքի առնչությամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Ինչու է պապը պարբերաբար ծեծել 6–ամյա և 4–ամյա թոռներին. ՔԿ–ն մանրամասներ է ներկայացրել

Իսկ օգոստոսի 20-ին` ժամը 14:00-ի սահմաններում, «Իջևան» բժշկական կենտրոնից ոստիկանության Իջևանի բաժին ահազանգ էր ստացվել, որ սուր էկզոգեն թունավորմամբ իրենց մոտ են տեղափոխվել 5 երեխա: Պարզվել է, որ 7 երեխաներն էլ նույն տանն են ապրում և պարբերաբար ենթարկվում են բռնության։