Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել ՀՀ–ին` ի դեմս ֆինանսների նախարարության. հայտնի է պահանջը

Քոչարյանի` ՀՀ–ին դատի տալու համար պատճառ է հանդիսացել այս տարվա մարտի 10-ին կայացած նիստի ընթացքում դատավորի հրապարակած փաստաթուղթը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի – Sputnik. Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել Հայաստանի Հանրապետությանը՝ ի դեմս ֆինանսների նախարարության: Հայցը ներկայացվել է օգոստոսի 19-ին և մակագրվել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմենուհի Բադիրյանին:

Sputnik Արմենիայի հետ զրույցում Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը մանրամասնեց` հայց ներկայացնելու հիմքն այն է եղել, որ առանց Քոչարյանի թույլտվության, դատավոր Աննա Դանիբեկյանը գաղտնիք պարունակող տեղեկություններ է հրապարակել։

«Սույն թվականի մարտի 10-ին Դանիբեկյանը բաց նիստի ժամանակ, լրատվամիջոցների ներկայությամբ ամբողջությամբ հրապարակել է մի փաստաթուղթ, որը պարունակում է բժշկական գաղտնիք։ Իսկ դրանք անձնական տվյալներ են, որոնք պաշտպանված են օրենքով»,–ասաց Ալումյանը։

Ինչ վերաբերում է հայցի պահանջին, ապա Քոչարյանը պահանջում է նախ հաստատել իր իրավունքի խախտումը և 2 մլն դրամի չափով հատուցել պատճառված ոչ նյութական վնասը։

Ռոբերտ Քոչարյանի որդին արխիվային տեսանյութ է հրապարակել. կադրերում նրա հայրն է

Հիշեցնենք, որ մարտի 10-ին նշանակված նիստին Քոչարյանը ներկա չէր։ Դատավոր Աննա Դանիբեկյանը նիստի ընթացքում ընթերցեց Էրեբունի ԲԿ-ի՝ դատարանին ուղարկված տեղեկանքը, ըստ որի՝ Քոչարյանի մոտ ախտորոշվել են սուր վեստիբոլոպատիա, զարկերակային հիպերտենզիա 3-րդ աստիճանի, սրտի ռիթմի խանգարում։ Ըստ տեղեկանքի՝ Քոչարյանի տեղափոխումը դատարան նպատակահարմար չէր բժշկական նկատառումներով։

Հունիսի 18-ին Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը մասնակի բավարարեց Քոչարյանի կալանքը փոխելու միջնորդությունները մերժելու մասին դատարանի որոշման դեմ բողոքը։ Քոչարյանն ազատ արձակվեց 2 միլիարդ դրամ գրավի դիմաց։ ՀՀ երկրորդ նախագահին մեղադրանք է առաջադրվել 2008 թ.–ի մարտի 1-ի բողոքի ակցիաները ցրելու ժամանակ սահմանադրական կարգը տապալելու համար։ Նա իրեն ուղղված մեղադրանքները քաղաքական հետապնդում է համարում։ 2018թ-ին Քոչարյանին երկու անգամ ձերբակալեցին: 2019 թվականի հունիսի վերջին նա ձերբակալվեց երրորդ անգամ: Երկրորդ նախագահին նաև կաշառք ստանալու մեղադրանք է առաջադրված։