«Բանակ-2020» միջազգային ռազմատեխնիկական համաժողովի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարարության և Ռուսաստանի Միավորված ավիաշինարարական ընկերության միջև ստորագրվել է Սու-25-ի արդիականացման և վերանորոգման պայմանագիր։
Պայմանագիրը հաստատում է ավիատեխնիկայի արդիականացման և ավելի վաղ թողարկված ինքնաթիռների ամբողջական կենսական ցիկլի պահպանման` Միավորված ավիաշինարարական ընկերության իրավասությունը:
«Ռազմինֆո» կայքի վերլուծաբան Ռոբերտ Նազարյանի դիտարկմամբ` հայկական զինված ուժերն արդեն շահագործում են ՍՈՒ–25 կործանիչ ինքնաթիռները, որոնց արդիականացումը կատարվելու է մինչև ՍՄ–3 մակարդակի։
«Նման արդիականացման արդյունքում կործանիչները դառնում են ավելի պաշտպանված` ունենալով նշանառության նոր նավիգացիոն համակարգ, ինչն իր հերթին թույլ է տալիս գործել նաև բարդ եղանակային պայմաններում, ինչպես նաև գիշերային ժամերին։ Արդիականացման արդյունքում ինքնաթիռն ունենալու է 55 մմ հաստության զրահապատ դիմապակի, կողային ու ճակատային 24 մմ հաստությամբ, իսկ ներքևից ու հետևից` 10 մմ հաստությամբ պողպատյա զրահ»,– նշում է վերլուծաբանը։
Բանակային խաղեր ու համաժողով․ Շոյգուն ազդարարեց միջազգային ռազմական նախագծի մեկնարկը
Նազարյանի տեղեկացմամբ` կործանիչն ունենալու է նաև պաշտպանական նոր համակարգ` մեծացնելով հրթիռներ կրելու տեսականին, այսինքն` ամենայն հավանականությամբ կկրի նաև կառավարվող ու ավելի ճշգրիտ խոցող հրթիռներ, ինչը շեշտակիորեն կբարձրացնի ինքնաթիռի մարտունակությունն ու գործողությունների արդյունավետությունը։
«Կարևոր է նաև այն հանգամանքը, որ ՍՈՒ–25 կործանիչների արդիականացումն ունի մարտական փորձ, որ կա այդ ամենի միջազգային փորձը, որովհետև ՍՈՒ-25 ՍՄ-3 մակարդակի հասցված կործանիչներ մենք Ռուսաստանի կիրառմամբ տեսել ենք Սիրիայում ընթացող պատերազմական գործողությունների ժամանակ, և պատահական չէ, որ Սիրայում թրծված լինելու հանգամանքը նշվում է ինքնաթիռի արդիականացման գործընթացի հիմքում»,– ասում է վերլուծաբանը։
Ռոբերտ Նազարյանը հայկական և ռուսական կողմերի միջև չի բացառում համատեղ տեխնոլոգիաների փոխանակումն ու կադրերի վերապատրաստումը, հետևաբար, կարծում է, որ ՍՈՒ–25 արդիականացված կործանիչների պայմանագիրը նախատեսում է ավելի բարձր մակարդակի համագործակցություն։
Ռուսական Սու-27-ը Սև ծովի վրա ամերիկյան հետախույզ է որսացել. տեսանյութ
Վերլուծաբանի փոխանցմամբ` պաշտոնական Երևանի կողմից 4+ սերնդի կործանիչների գնման հարցը ոչ թե մեկ, այլ մի քանի քայլ առաջընթաց է։
Մենք կործանիչ ավիացիա չենք ունեցել։ Վերջին սերնդի ռազմական ինքնաթիռներն, ըստ վերլուծաբանի, նորություն են տեխնոլոգիական ու կիրառելիության առումով, ուստի հայ օդաչուներն արդեն իսկ ծանոթանում են դրանց` իրականացնելով ուսումնական թռիչքներ։
Մինչև 2018-ը Հայաստանը ՌԴ–ից ստացել է 50.000 տոննայից ավելի ռազմատեխնիկական օգնություն