ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի – Sputnik․ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իրեն հատուկ հռետորաբանությամբ հայտարարեց Սև ծովի հատակում գազի խոշոր պաշարներ հայտնաբերելու մասին։ Խոսքը Tuna-1 հեռանկարային հատվածում իբր հայտնաբերված 320 միլիարդ խորանարդ մետր ծավալով «երկնագույն վառելիքի» մասին է: Տվյալ գոտին գտնվում է Դանուբյան բլոկի գետաբերանի մոտ՝ Բուլղարիայի և Ռումինիայի ծովային սահմանների և Թուրքիայի ներքին ջրերի հատման կետում։
Էրդողանը կարծում է, որ այս հայտնագործությունը թույլ կտա ամբողջությամբ վերանայել երկրի էներգետիկ քաղաքականությունը և արդեն 2023 թվականից սկսել գազի արդյունահանումը:
320 միլիարդ խորանարդ մետրը, իհարկե, փոքր թիվ չէ։ Բայց արդյո՞ք արժե խոսել երկրի էներգետիկ քաղաքականության արմատական փոփոխությունների մասին։ Հարցը հռետորական չէ։ Համեմատության համար նշենք, որ 2019թ.-ին բուն Թուրքիայում գազի օգտագործումը կազմել է 44 միլիարդ խմ։ Այսինքն՝ հայտնաբերվածը համարժեք է երկրում գազի սպառման 7 տարվա ծավալին։
Ռուսաստանցի փորձագետ, Ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամի փոխտնօրեն Ալեքսեյ Գրիվաչը կարծում է, որ չարժե Էրդողանի խոսքերն իբրև բլեֆ ընկալել, բայց դա չի կարելի անվանել նաև տեխնիկապես և կոմերցիոն արդյունահանվող պաշարների խոշոր հայտնագործության մասին լիարժեք տեղեկություն:
Մրցակցությանը չդիմացավ․ Եվրոպան ու Ասիան հրաժարվում են ամերիկյան բնական հեղուկ գազից
Sputnik Արմենիային տված հարցազրույցում Գրիվաչը հիշեցրեց, որ Սև ծովում երկրաբանահետախուզական աշխատանքների հետ շատ երկրներ և ընկերություններ էին հույսեր կապում, սակայն առայժմ դրանք հիմնականում չեն արդարացվել, իսկ իրական ծավալների արդյունահանման տեսանկյունից իրավիճակը տարածաշրջանում մնում է ողբալի:
Նրա խոսքով ՝ նույն Ռումինիան, որտեղ 8 տարի առաջ տեղի էր ունեցել Սև ծովի շելֆում գազի պաշարների խոշորագույն բացահայտումը, չի կարողացել շահագործման հանձնել դրանք, չնայած նախագծին մասնակցում էին համաշխարհային կարգի այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են Exxon-ը և OMV-ն:
«Տեղեկությունների սակավության պայմաններում չէի ցանկանա շահարկել այս թեմաները։ Տեսականորեն, եթե 320 միլիարդ խմ պաշարների գոյությունն ապացուցվի, դա թույլ կտա այնտեղ տարեկան 5-10 միլիարդ խմ գազ արդյունահանել։ Թուրքիայի ներկայիս շուկայի պայմաններում դա 12-25%-ն է։ Բայց դա՝ պայմանականորեն»,-նշեց Գրիվաչը։
Նա կարծում է, որ, անկասկած, մատակարարումների լրացուցիչ աղբյուրի հայտնվելը կուժեղացնի մրցակցությունը մյուս մատակարարների միջև, իսկ Թուրքիան խիստ շահագրգռված է այդ հարցում և «հայտնագործությունը» կօգտագործի Թուրքիա գազ արտահանողների հետ բանակցություններում: Սակայն սա կարող է խթան հանդիսանալ նաև գազի պահանջարկի աճի համար։
Խոսելով արդյունահանման տեխնիկական բաղկացուցչի մասին, չպետք է մոռանալ նաև այն, որ Թուրքիան խորջրյա արդյունահանման փորձ չունի։ Միաժամանակ Գրիվաչը նշում է, որ եթե պաշարները հաստատվեն, ապա Անկարան կարող է և ամենայն հավանականությամբ կփորձի տեխնոլոգիական գործընկեր ներգրավել արևմտյան նավթագազային հսկաների շարքից։
Խոսելով Էրդողանի խոստացած էներգետիկ «հեղափոխության» լույսի ներքո Թուրքիայի և Ռուսաստանի հետագա համագործակցության մասին, Ռուսաստանի ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամի փոխտնօրենը նշեց, որ Ռուսաստանը գազի ոլորտում Թուրքիայի հետ փոխգործակցության ավելի քան 30 տարվա փորձ ունի:
«Դուք կվճարեք դրա համար»․ Անկարան սպառնացել է ԱՄՆ-ին Էրդողանի հասցեին Բայդենի ասածի համար
Ռուսական գազն է հիմք դարձել Թուրքիայում գազի օգտագործման մշակույթի ձևավորման և զարգացման համար։ Երկու երկրները կապված են խոշոր և փոխշահավետ նախածերով՝ «Կապույտ հոսք» և «Հյուսիսային հոսք»։ Դրանք գազի մատակարարման երկարաժամկետ նախագծեր են։ Գրիվաչը համարում է, որ դա լավ հիմք է ապագայում Ռուսաստանի և Թուրքիայի միջև գազային համագործակցությունը պահպանելու համար։
Նշենք, որ 2019թ․-ին Ռուսաստանը 15,5 միլիարդ խորանարդ մետր գազ է մատակարարել։ Այս ցուցանիշով Թուրքիան եվրոպական երկրներից զիջում է միայն Գերմանիային և Իտալիային։