«Հակառակորդի ողնաշարը ջարդելու ցանկությունն իմ մեջ չի վերացել». կապիտան Սանամյան

Ռուբեն Սանամյանը նշում է, որ Ազգային հերոսի կոչումը պարտավորեցնում է լինել ավելի մարտունակ։
Sputnik

Հակառակորդի ողնաշարը ջարդելու ցանկությունը կապիտան Ռուբեն Սանամյանի մեջ չի վերանալու։ ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Շուշան Ստեփանյանը Facebook սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել, որը նվիրված է այսօր նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Ազգային հերոսի կոչում ստացած կապիտան Սանամյանին։

Հայաստանի ազգային հերոսները

Ավելի վաղ հայտնել էինք, որ հենց նա է հուլիսին տավուշյան մարտերի ժամանակ կազմակերպել «Անվախ» մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի բազմակի գրոհների կասեցումը։

Կապիտանը վստահեցնում է` ոչ մի գործողություն չի արել հանուն փառքի և պարգևի։

«Եթե պետք է մի բան անեմ, անում եմ պատվով, ի սրտե։ Չեմ մտածում` հետո մեդալ կտա՞ն»,–ասում է նա։

Կապիտան Սանամյանը նշում է, որ Ազգային հերոսի կոչումը պարտավորեցնում է լինել ավելի մարտունակ և անել այն, ինչը կիսատ է թողել։

Հիշեցնենք` Ստեփանյանն այսօր նաև հայտնել էր, որ չխնայելով սեփական կյանքը` Սանամյանը խմբի մարտիկների հետ դիրքի մատույցներում իրականացրել է բարդ ու վտանգավոր ինժեներական աշխատանքներ, հետախուզմամբ հայթայթել արժեքավոր փաստաթղթեր, զենք, զինամթերք, մի շարք տեխնիկական միջոցներ և այլ տվյալներ: