Խաշթառակի 28-ամյա բնակչուհին ևս ձերբակալվել է իր և եղբոր երեխաներին ծեծելու համար

Պարզվել է, որ 28-ամյա կինը նույնպես պարբերաբար, դիտավորությամբ ձեռքերով, ոտքերով, փայտով և այլ առարկաներով բազմաթիվ հարվածներ է հասցրել իր 5 անչափահաս երեխաների, ինչպես նաև համատեղ բնակվող եղբոր 2 անչափահաս որդիներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի - Sputnik. Տավուշում պապի կողմից  ծեծի ենթարկված երկու երեխաների դեպքով ևս մեկ անձ է ձերբակալվել, այս անգամ նույն տանը բնակվող 5 երեխաների մայրը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ  քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

12 հոգանոց տուն, դատական գործեր. ինչ է հայտնի Տավուշում ծեծված երեխաների ընտանիքից

Տավուշի Խաշթառակ համայնքի 57-ամյա բնակչի կողմից իր անչափահաս թոռներին ծանր մարմնական վնաս  պատճառելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով պարզվել է, որ վերջինիս 28-ամյա դուստրը նույնպես պարբերաբար, դիտավորությամբ ձեռքերով, ոտքերով, փայտով և այլ առարկաներով բազմաթիվ հարվածներ է հասցրել իր 5 անչափահաս երեխաների, ինչպես նաև համատեղ բնակվող եղբոր 2 անչափահաս որդիների մարմնի տարբեր մասերին՝ վերջիններիս պատճառելով ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան տառապանք:

«Դեպքի առթիվ հարուցվել է նոր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի (ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը) 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, որոշում է կայացվել՝ նշված երկու քրեական գործերը միացնելու և նախաքննությունը մեկ վարույթում շարունակելու մասին»,–նշված է հաղորդագրության մեջ:

Տավուշում ծեծված երեխաներից մեկին էլ են Երևան բերել. փոքրիկը որոշ չափով գիտակցություն ունի

Քրեական գործով 7 անչափահաս երեխաները ճանաչվել են տուժող: Նրանց վերաբերյալ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագետներին, հարցաքննվել են մի շարք անձինք, հանձնարարություն է տրվել ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ:

Նախաքննությունը շարունակվում է:

Տավուշում ծեծված երեխաների 5 քույր–եղբայրները թունավորմամբ տեղափոխվել են հիվանդանոց

Հիշեցնենք`օգոստոսի 18–ին ոստիկանությունն Իջևանի ԲԿ–ից հաղորդում է ստացել, որ վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 2014-ին ծնված մի տղա։ Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ պապիկը ձեռքին եղած փայտով հարվածել է 2016-ին և 2014-ին ծնված երեխաներին։ Դեպքի առնչությամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Ինչու է պապը պարբերաբար ծեծել 6–ամյա և 4–ամյա թոռներին. ՔԿ–ն մանրամասներ է ներկայացրել

Իսկ օգոստոսի 20-ին, ժամը 14:00-ի սահմաններում «Իջևան» բժշկական կենտրոնից ոստիկանության Իջևանի բաժին ահազանգ էր ստացվել, որ սուր էկզոգեն թունավորմամբ իրենց մոտ են տեղափոխվել 5 երեխա: Պարզվել է, որ 7 երեխաներն էլ նույն տանն են ապրում և պարբերաբար ենթարկվում են բռնության։