ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի - Sputnik. Տավուշի մարզում դաժանորեն ծեծված 4-ամյա երեխայի մոտ այսօր դրական դինամիկա կա։ Տեղեկությունը հայտնում է «Սուրբ Աստվածամայր» բուժկենտրոնի մամուլի քարտուղար Գևորգ Դերձյանը։
«4-ամյա տղայի մոտ առկա է գանգային արյունազեղում։ 6-ամյա երեխայի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, նրա կյանքին դեռևս վտանգ է սպառնում: «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկները շարունակում են պայքարել փոքրիկի կյանքի համար: Երկուսն էլ շարունակում են գտնվել վերակենդանացման բաժանմունքում»,–Facebook սոցցանցի իր էջում գրել է նա:
Դերձյանը հայտնում է նաև, որ ընտանիքի մյուս 5 երեխաները, որոնք նախօրեին նախնական սուր էկզոգեն թունավորմամբ տեղափոխվել էին Երևանի «Մուրացան» բժշկական կենտրոն գտնվում են կայուն վիճակում։ Նրանցից ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում:
Տավուշում ծեծված երեխաների 5 քույր–եղբայրները թունավորմամբ տեղափոխվել են հիվանդանոց
Հիշեցնենք, որ ըստ քննչական կոմիտեի, օգոստոսի 19-ին Տավուշում պապը ձեռքի փայտով հարվածել էր 6 և 4–ամյա թոռներին, որոնք տեղափոխվել են հիվանդանոց. նրանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է։ Դեպքի առթիվ հարուցվել էր քրգործ, ձերբակալվել է երեխաների պապիկը։ Դրանից մեկ օր անց` օգոստոսի 20–ին, հայտնի դարձավ, որ նույն տնից 5 երեխա թունավորմամբ տեղափոխվել է Երևանի «Մուրացան» հիվանդանոց։
Այսօր ՔԿ–ն հայտարարեց, որ նույն ընտանիքից ձերբակալվել է 28-ամյա կինը։ Խոսքը 5 երեխաների մոր՝ Մարիաննա Հ.-ի մասին է։ Երեկ Sputnik Արմենիանմանրամասներ էր հայտնել Հ.-երի ընտանիքի մասին։