Հայտնի է` նոր Պարեկային ծառայությունը երբ կսկսի գործել Երևանում

Արդեն 2020թ. հոկտեմբերի կեսերից Ոստիկանության կրթահամալիրում կմեկնարկի ընտրված քաղաքացիների ուսուցման գործընթացը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik. Պարեկային ծառայությունը Երևանում իր աշխատանքները կմեկնարկի 2021թ. առաջին եռամսյակից, իսկ ամբողջ Հայաստանում՝ 2022թ. առաջին եռամսյակից: ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը հայտնում է, որ Պարեկային ծառայության մասին խոսվել է Նիկոլ Փաշինյանի մոտ այսօր կայացած խորհրդակցության ժամանակ։

«Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը մանրամասներ է ներկայացրել նոր կառույցում աշխատանքի անցնել ցանկացող քաղաքացիների դիմումների ընդունման, տրանսպորտային միջոցների, տեխնիկական սարքավորումների ձեռքբերման, ուսուցումն անցկացնող դասընթացավարների ընտրության և մնացյալ աշխատանքների վերաբերյալ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Արդեն 2020թ. հոկտեմբերի կեսերից Ոստիկանության կրթահամալիրում կմեկնարկի ընտրված քաղաքացիների ուսուցման գործընթացը, որի նպատակը համապատասխան պատրաստվածություն ունեցող՝ նոր գործառույթներով, սարքավորումներով, հմտություններով և մտածելակերպով ծառայողի կերպարի ձևավորումն է:

Նախարարի խոսքով՝ բարեփոխումն ընթանում է բնականոն հունով, սահմանված ժամանակացույցին համապատասխան։

Վարչապետը կոչ է անում «նոր» ոստիկան դառնալ

Վարչապետն ընդգծել է Հայաստանում նոր Պարեկային ծառայության ձևավորման ու կայացման կարևորությունը և հանձնարարել շարունակել ակտիվ աշխատանքը՝ նախանշված ժամանակացույցին համապատասխան:

Հիշեցնենք` Փաշինյանը հուլիսին Facebook-ում գրառում էր արել` ՀՀ քաղաքացիներին կոչ անելով համալրել նոր ստեղծվող պարեկային ծառայության շարքերը:

Հայտերի ընդունումը սկսվել էր հուլիսի 13-ին և ավարտվել հուլիսի 30-ին։ Ուսուցման տևողությունը 5 ամիս է: Ընդունելություն-մրցույթի համար սահմանվել էր 770 տեղ, որից 540 տեղը՝ արական, 230–ը՝ իգական սեռի դիմորդների համար:

Կառավարության որոշմամբ ստեղծվող նոր Պարեկային ծառայությունն ունենալու է առանձին նոր լոգո, նոր համազգեստ, զենքի հատուկ միջոցների, տրանսպորտային միջոցների և տեխնիկական սարքավորումների լրիվ նոր հագեցվածություն։ Պարեկային ծառայության ծառայողների նվազագույն աշխատավարձը կկազմի 320 հազար դրամ, նրանք ունենալու են նաև սոցիալական երաշխիքներ։ Ծառայության կարող են անցնել 18-35 տարեկան քաղաքացիները:

Պարեկային ծառայության հիմնական գործառույթներն են հանդիսանալու հասարակական կարգի և հասարակական անվտանգության ապահովումը, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովումը, քաղաքացիներին անհետաձգելի օգնության և հոգեբանական աջակցության ցուցաբերումը։

Պարեկային ծառայությունը ոստիկանական համակարգի բարեփոխումների՝ Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի պահանջներից է: