Իրանական կողմը շեշտում է այն հանգամանքը, որ Հայաստանը ԵԱՏՄ միակ երկիրն է, որն Իրանի հետ ունի ցամաքային սահման, ինչը կարևոր է: Պետք է օգտվել այդ հանգամանքից և Իրան–Հայաստան տարանցիկ ճանապարհի կարևորությունը ներկայացնել բոլորին։
Արամ Սաֆարյանի դիտարկմամբ` ԵԱՏՄ–ում դեռևս 2019 թվականին ՀՀ նախագահության տարում, երբ կազմակերպության ներսում քննարկվում էր Իրանի հետ համագործակցության հարցը, մեր երկրների տնտեսագետներն ու պետական պաշտոնատար անձինք փորձագիտական մակարդակով ապացուցեցին համագործակցության շահավետությունը։ Այսինքն` տնտեսական հարթությունում կասկած չկար, որ Իրանի հետ ԵԱՏՄ երկրների համագործակցությունն ունենալու է մեծ հեռանկար և երկուստեք օգուտներ է բերելու։
«Սակայն փորձը ցույց տվեց, որ ամերիկյան պատժամիջոցների, աշխարհաքաղաքական վայրիվերումների և մի շարք կազմակերպչական բնույթի թերությունների պատճառով ազատ տնտեսական գոտում համագործակցությունն Իրանի հետ դժվարությամբ է առաջ գնում։ Հիշեցնեմ, որ Իրանը ԵԱՏՄ–ի հետ ազատ տնտեսական գոտու մասին համագործակցության ժամանակավոր համաձայնագիր է ստորագրել երեք տարի ժամկետով, որը լրանալու է եկող տարի։ Պանդեմիան մեծապես վնասել է սահմանի ազատ տնտեսական գոտու ծրագրերի իրականացմանը»,– նշում է Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգողը։
Արամ Սաֆարյանի տեղեկացմամբ` խնդիրը մնում է բաց, և իրանական կողմը ցանկանում է տեսնել, թե տնտեսագիտական մակարդակով արված կանխատեսումները կյանքում իրականանալու՞ են, թե՞ ոչ։ Սաֆարյանն իրանական կողմի հետ ունեցել է քննարկումներ, նշում է, որ իրանցի գործընկերները շատ էին ուզում, որ ԵԱՏՄ–ից որքան հնարավոր է շատ մարդ անցնի Արաքսը, մտնի իրանական ազատ տնտեսական գոտի, տեսնի իրանական ու չինական ձեռնարկությունների աշխատանքը, ոգևորվի դրանց հնարավորություններով և ներգրավվի տնտեսական գործունեության մեջ։
Մաքսային կազուս ԵԱՏՄ-ում․ ինչպես Հայաստանից տարված մեքենաներն ապօրինի դարձան ՌԴ–ում
Ըստ նրա` գործընթացը 2020 թվականի համավարակի պատճառով մեծապես կասեցվել է, հետևաբար նախանշված համաժողովն ունի կարևոր առաքելություն` վերակենդանացնել քննարկումները ԵԱՏՄ երկրերի ղեկավարների, տնտեսական շրջանակների ու Իրանի միջև համագործակցությունը առաջ մղելու սխեմաներ ստեղծելու ուղղությամբ, քանի որ առանց պետական բարձր հովանավորության գործը դժվար թե տեղից շարժվի։ Արամ Սաֆարյանը կիսում է փորձագիտական հիմնավոր տեսակետն առ այն, որ ԵԱՏՄ–Իրան տնտեսական համագործակցությունն ունի մեծ հեռանկար, որը պետք է անպայման կյանքի կոչել։