Մեր օրերում ահաբեկչությունը նաև հիբրիդային պատերազմների մի դրսևորում է. Միրզոյան

ԱԺ նախագահ խոսքով`ահաբեկչության և բռնի ծայրահեղականության դեմ պայքարն առավելապես կարևոր է դարձել հատկապես վերջին տասնամյակների ընթացքում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի - Sputnik. ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն օգոստոսի 20-ին մասնակցել է Միջխորհրդարանական միության խորհրդարանների նախագահների հինգերորդ համաշխարհային առցանց համաժողովին: Հայաստանի խորհրդարանի նախագահը ելույթ է ունեցել «Ահաբեկչության դեմ պայքարը և բռնի ծայրահեղականությունը» թեմայով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ազգային ժողովի մամուլի ծառայությունը։

Բաքվի զիջումն Արցախի հարցում. Ադրբեջանը Հայաստանին ներքաշում է հիբրիդային պատերազմի մեջ

Միրզոյանի խոսքով`ահաբեկչության և բռնի ծայրահեղականության դեմ պայքարն առավելապես կարևոր է դարձել հատկապես վերջին տասնամյակների ընթացքում:

«Ահաբեկչությունն իր բոլոր դրսևորումներով ուղիղ սպառնալիք է բոլոր երկրների քաղաքացիների համար: Այն մշտական համընդհանուր սպառնալիք է, որը չի ճանաչում սահման կամ կրոն և մարտահրավեր է, որին միջազգային հանրությունը միասին պետք է դիմակայի: Ես կարծում եմ, որ մենք շարունակելու ենք պայքարել այս սպառնալիքի դեմ իր բոլոր ձևերով և դրսևորումներով, վճռականությամբ և լիարժեք համախմբվածությամբ: Մեր օրերում ահաբեկչությունը նաև պրոքսի պատերազմների մի դրսևորում է: Դժբախտաբար, այս մարտավարությանը մենք ականատես ենք լինում նույնիսկ Միջխորհրդարանական միության որոշ անդամ երկրների կողմից»,–շեշտել է ՀՀ ԱԺ խոսնակը:

Միրզոյանի համոզմամբ`համաշխարհային հանրությունը կարող է տուժել այդպիսի խելահեղ գործողություններից, և խորհրդարանները պետք է համապատասխան միջոցներ ձեռնարկեն այս մարտահրավերների դեմ պայքարելու հարցում:

«Ադրբեջանը փորձում է իր քարոզչական մեսիջներով ազդել մեր հասարակության վրա». Էլիբեգովա

Նա վստահեցրել է, որ ՀՀ ԱԺ-ն մեծապես կարևորում է բազմակողմանի միջազգային համագործակցության ընդլայնումն ահաբեկչության դեմ պայքարի շրջանակում և հետամուտ է ՄԱԿ-ի բոլոր համապատասխան կոնվենցիաների և այլ միջազգային իրավական գործիքների լիակատար իրագործմանը:

Նշենք, որ Միջխորհրդարանական միության կազմի մեջ մտնում են աշխարհի 178 երկրների օրենսդիր մարմիններ։