Եթե քառօրյա պատերազմը երկար տևեր, Հայաստանը կճանաչեր ԼՂՀ անկախությունը. Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահը վստահ է, որ Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը չպետք է լինի հարմար առիթ, այլ իրադրությունից բխող արդարացված որոշում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. Եթե քառօրյա պատերազմը երկար տևեր, Հայաստանը կճանաչեր Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Այսօր հրավիրված ասուլիսում, անդրադառնալով 2016թ-ի ապրիլյան պատերազմից առաջ` 2015 թվականին հնչեցրած իր հայտարարությանը, որ ՀՀ կճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը, եթե լինի ռազմական դրություն` ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

Այսօր պատերազմի վտանգը չափազանց մեծ է. ՀՀ երրորդ նախագահ

«Ես շատ լավ հիշում եմ իմ բոլոր խոստումները, և ես չեմ ասել, որ պատերազմի հենց առաջին օրը ճանաչելու ենք ԼՂՀ անկախությունը։ Փառք Աստծո, այդ ռազմական գործողությունները տևեցին 4 օր, եթե երկարաձգվեին, ապա մենք անպայման ճանաչելու էինք Լեռնային Ղարաբաղի անկախությունը, որովհետև ակնհայտ էր դառնալու, որ մենք հաստատակամ ենք իրագործել մեր այն խոստումը, որ տվել էինք ժողովրդին` այն է, որ ՀՀ Զինված ուժերը հանդիսանում են Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավոր, և Հայաստանը ամեն ինչ օգտագործելու է, որպեսզի պաշտպանի Լեռնային Ղարաբաղի բնակչությանը»,–ասաց Սարգսյանը։

Նրա խոսքով`հիմա էլ համոզված է, եթե իսկապես լինի լայնածավալ պատերազմ, ապա ՀՀ–ն պարտավոր է ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը։

«Դա չպետք է լինի հարմար առիթ, այլ իրադրությունից բխող արդարացված որոշում։ Քառօրյա պատերազմի հենց առաջին օրը մենք մեր հրամանատարների, զինվորների հաստատակամությամբ արդեն կասեցրել էինք ադրբեջանցիների հարձակումը և ավելորդ շտապողականությունն այդ հարցում կարող էր խոչընդոտել մեր դիվանագիտական հետագա հաջողությունները»,–ասաց ՀՀ երրորդ նախագահը։

Անդրադառնալով այն հարցին, թե ինչու Սարգսյանը չպահեց խոստումն ու չդարձավ Երևան–Ստեփանակերտ առաջին թռիչքի ուղևոր` Սարգսյանը պատասխանեց` առաջին չվերթը չիրականացվեց։ Իսկ թե ինչու չիրականացվեց, Սարգսյանը խոստացավ պատասխանել հաջորդ ասուլիսի շրջանակներում, որի ժամանակ թեման կլինի Ղարաբաղի խնդիրը։

Հայաստանն Ադրբեջանից ներողություն խնդրելու որևէ առիթ չունի. Սերժ Սարգսյանը` ամաչելու մասին