Դպրոցական դասագիրք, մեթոդ փոխելն այդքան հեշտ բան չէ. Արմեն Սարգսյան

ՀՀ նախագահը հանդիպել է մի խումբ մտավորականների հետ և, ի թիվս այլ թեմաների, զրուցել կրթական ծրագրերի չափորոշիչների մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. Դպրոցական դասագիրք, մեթոդ, վերաբերմունք փոխելն այդքան հեշտ բան չէ: Այդ գործընթացն անպայման պետք է անցնի երկարաժամկետ հանրային քննարկման և հանրային համաձայնության ճանապարհով։ Նման կարծիք է հայտնել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը` մի խումբ մտավորականների հետ հանդիպման ժամանակ։

«Ազգային միասնությունը միայն բանակը չէ, միայն մշակույթը չէ, այլ նաև այն դասագիրքը, որով երեխային սովորեցնում ենք։ Եթե ազգային միասնություն չունենք, թե մեր երեխային ինչ ենք սովորեցնում, այդ դեպքում ինչպե՞ս կարող ենք մշակույթի կամ բանակի ոլորտում ունենալ համաձայնություն։ Պետք է շատ զգույշ վերաբերվենք մշակութային, պատմական արժեքներին»,–ասել է նախագահը։

Ներկայացնելով իրենց մտահոգությունները կրթական ծրագրերի չափորոշիչների վերաբերյալ՝ մտավորականներն ընդգծել են կրթության, ազգային նկարագրի և ազգային արժեքների կարևորությունը: Սարգսյանն ասել է, որ կրթությունը որևէ երկրի և հատկապես Հայաստանի զարգացման հիմնական շարժիչն է, և կրթական համակարգը մեր հանրային կյանքի ամենազգայուն մասերից մեկն է:

Պարտադիր առարկաները կնվազեն, աշակերտներին չեն համեմատի իրար հետ. նոր փոփոխություններ

Հանդիպման մասնակիցներն անդրադարձել են նաև հայոց լեզվի խնդրին, կարևորել պետական ուշադրությունը և հոգածությունը լեզվի նկատմամբ, լեզվի անաղարտությունը պահպանելը, գրագետ խոսելն ու գրելը: Սարգսյանը շեշտել է նաև արևմտահայերենի պահպանության առաջնահերթությունը, ինչպես նաև բարբառների կարևորությունը՝ նշելով, որ դրանք մեր լեզվի հարստությունն են:

Հանդիպմանը ներկա են եղել գրող, կինոգետ Դավիթ Մուրադյանը, գրականագետ Դավիթ Գասպարյանը, նկարիչ Սամվել Սևադան, բանաստեղծ, թարգմանիչ Հակոբ Մովսեսը, լրագրող Էդիկ Անդրեասյանը, գրող, «Գրական թերթի» խմբագիր Կարինե Խոդիկյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը։

Դպրոցական դասագիրք, մեթոդ փոխելն այդքան հեշտ բան չէ. Արմեն Սարգսյան

Հիշեցնենք, որ կրթական նոր չափորոշիչները մեծ աղմուկ են բարձրացրել և քննադատության տեղիք տվել։ Մասնավորապես, պատմաբանները բողոքում են «Հայոց պատմություն» առարկայի չափորոշիչներից` ասելով, որ դասագրքերում խախտված է ժամանակագրությունը, բաց են թողնված պատմության դրվագներ։ Բացի այդ, գրականության դասագրքերի բովանդակությունը նույնպես քննադատության էր արժանացել, քանի որ հայեցակարգից դուրս են մնացել Մովսես Խորենացին, Նահապետ Քուչակը, Ներսես Շնորհալին, Երվանդ Օտյանը։ Սակայն միաժամանակ դպրոցական ծրագրում ընդգրկվել են ժամանակակից հայ գրողներ` Հրաչյա Սարիբեկյան, Արամ Պաչյան, Արմեն Օհանյան...

Նախարարությունն այժմ մշակում է հանրային քննարկման արդյունքում ստացված առաջարկները։