Վարագ Սիսեռյանը՝ Երևանի գլխավոր ճարտարապե՞տ. «Ժողովուրդ»

Օրաթերթի տեղեկություններով` քաղաքաշինության ոլորտում որոշումները կայացվում են փոխվարչապետ Ավինյանի համակարգմամբ և Սիսեռյանի անմիջական մասնակցությամբ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի - Sputnik. ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանն իր ձեռքն է վերցրել Երևանի քաղաքաշինության ոլորտն ամբողջությամբ։ Տեղեկությունը հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը։

Սպասելիքներն Արթուր Մեսչյանից անհամեմատ մեծ էին. Եղոյանը` նախկին գլխավոր ճարտարապետի մասին

«Քաղաքաշինության կոմիտեի նախագահի ԺՊ Արմեն Ղուլարյանն ամեն հարց զեկուցում է Սիսեռյանին ու միայն նրա համաձայնության դեպքում է որոշումներ կայացնում:Սիսեռյանը նպատակ ունի Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի պաշտոնանկությունից հետո այդ պաշտոնում նշանակել տալ Ավետիք Էլոյանին, որը նախկինում զբաղեցնում էր հենց Քաղշինկոմիտեի ղեկավարի, ապա փոխվարչապետի խորհրդականի պաշտոնը»,– գրում է թերթը։
«Ժողովուրդը» զրուցել է Վարագ Սիսեռյանի հետ՝ պարզելու համար, թե որքանով են իրական այս տեղեկությունները:

«Մեր գրասենյակը և Քաղաքաշինության կոմիտեն համակարգում է Տիգրան Ավինյանը, ու, այո, մեր գրասենյակն էլ զբաղվում է: Բայց որ քաղշինթույլտվությունները մենք ենք տալիս, կամ բոլորը մեզ հետ են այն համաձայնեցնում, ու մենք ենք համակարգում, դա աբսուրդ է: Իհարկե նման բան չկա»,- ասել է Սիսեռյանը:

Հիշեցնենք, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի 2018 թվականի հունիսի 1–ին ստորագրած հրամանագրով Սերժ Վարագ Սիսեռյանը նշանակվել է փոխվարչապետի գրասենյակի ղեկավար։ Նա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է: